Գիտական աստիճանի հայցորդը ԲՈՀ-ի հաստատած հանձնաժողովներում պետք է հանձնի որակավորման քննություններ` մասնագիտությունից, փիլիսոփայությունից և օտար լեզվից, ինչպես նաև ստուգարք` ինֆորմատիկայից (տեղեկաբանություն):
Այն հիմնարկը, որտեղ հաստատվել է ատենախոսության թեման, ատենախոսության նախնական փորձաքննությունից հետո տալիս է իր եզրակացությունը` նշելով հեղինակի կոնկրետ մասնաբաժինը ստացված արդյունքներում, հետազոտության արդյունքների հավաստիությունը, նորությունը, կիրառական նշանակությունը, ատենախոսությանը համապատասխանող մասնագիտությունն ըստ գիտական աստիճանաշնորհման անվանացանկի, հեղինակի հրատարակած աշխատություններում հետազոտման արդյունքների ընդգրկման լիարժեքությունը:
Եզրակացությունը հայցորդին պետք է տրվի ատենախոսությունը նախնական փորձաքննության հանձնելուց հետո` թեկնածուի գիտական աստիճանի համար` երկու, դոկտորի գիտական աստիճանի համար` երեք ամսվա ընթացքում:
Անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում ատենախոսությունն ընդունվում է խորհուրդ` նախնական քննարկման: Նախնական քննարկումը կազմակերպվում է թեկնածուի գիտական աստիճանի համար` երկու, դոկտորի գիտական աստիճանի համար` երեք ամսվա ընթացքում, համաձայն խորհրդի աշխատանքի կանոնակարգի:
Ատենախոսությունը պաշտպանության ընդունելու դեպքում խորհուրդը նշանակում է ատենախոսության պաշտոնական ընդդիմախոսներ` գիտական աստիճան ունեցող, գիտության տվյալ բնագավառի մասնագետ գիտնականների, թեկնածուի գիտական աստիճանի համար` երկու ընդդիմախոս (ընդ որում, նրանցից առնվազն մեկը` գիտության դոկտոր), դոկտորի գիտական աստիճանի համար` երեք ընդդիմախոս (գիտության դոկտորներ):
Տվյալ ատենախոսությունը պաշտպանության ընդունած խորհրդի անդամ, որպես կանոն, կարող է լինել ընդդիմախոսներից միայն մեկը:
Պաշտոնական ընդդիմախոսներ, որպես կանոն, չեն կարող լինել ԲՈՀ-ի աշխատողները, ատենախոսությունը պաշտպանության ընդունած խորհրդի նախագահը և գիտական քարտուղարը, հայցորդի գիտական ղեկավարը, ատենախոսության թեմայով հրատարակված աշխատանքների համահեղինակները, այն հիմնարկների ղեկավարները, որտեղ հաստատվել է ատենախոսության թեման և կամ որտեղ կատարվում են գիտահետազոտական աշխատանքներ, որոնց պատվիրատուն կամ կատարողը հայցորդն է:
Պաշտոնական ընդդիմախոսը, ուսումնասիրելով ատենախոսությունը և այդ թեմայով հրատարակված աշխատանքները, խորհրդին, վերջինիս սահմանած ժամկետում, ներկայացնում է կարծիք, որտեղ գնահատում է ատենախոսության թեմայի արդիականությունը, գիտական դրույթների և եզրահանգումների ճշտությունը, նորությունը և հիմնավորման աստիճանը, ատենախոսության համապատասխանությունը սույն կանոնակարգի 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերին:
Խորհուրդը պաշտոնական ընդդիմախոսների կարծիքների պատճենները հայցորդին է հանձնում ատենախոսության պաշտպանությունից առնվազն տասն օր առաջ:
Խորհուրդն իրավասու է պաշտոնական ընդդիմախոսին վերադարձնելու կարծիքը` վերամշակման, եթե այն չի համապատասխանում նշված պահանջներին:
Ատենախոսության պաշտպանությունը կարող է կայանալ նաև ընդդիմախոսներից մեկի բացակայության դեպքում, եթե առկա է բացակա ընդդիմախոսի գրավոր կարծիքը, որը հրապարակվում է խորհրդի նիստում:
Խորհուրդն ատենախոսությունը կարծիքի է ուղարկում գիտության տվյալ բնագավառում հայտնի` առաջատար հիմնարկ, որը գնահատում է ատենախոսությունը, նշում արդյունքների նշանակությունը գիտության և արտադրության ոլորտներում, տալիս հանձնարարականներ` դրանք օգտագործելու համար: Կարծիքը հաստատում է առաջատար հիմնարկի ղեկավարը: Խորհուրդը կարծիքի պատճենը հայցորդին է հանձնում ատենախոսության պաշտպանությունից առնվազն տասն օր առաջ:
Խորհուրդն իրավասու է փոխելու առաջատար հիմնարկը կամ վերադարձնելու առաջատար հիմնարկի կարծիքը, եթե այն չի համապատասխանում նշված պահանջներին:
Ատենախոսության պաշտպանությունը, ինչպես խորհրդի բոլոր նիստերը, անցկացվում է հայերեն:
Խորհրդի նիստի ժամանակ ատենախոսության պաշտպանության ընթացակարգը սահմանվում է խորհրդի աշխատանքի կանոնակարգով:
Հայցորդն իրավունք ունի գրավոր դիմումով հանելու ատենախոսությունը պաշտպանությունից` մինչև գաղտնի քվեարկությունն սկսվելը:
Եթե առանց սկզբնաղբյուրները նշելու այլ հեղինակներից օգտագործվել են որոշակի դրույթներ և նյութեր, խորհուրդը բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ, ատենախոսությունը հանում է պաշտպանությունից` առանց տվյալ ատենախոսության նոր պաշտպանության իրավունքի և ԲՈՀ է ուղարկում իր որոշումը` սեղմագրի և նիստի սղագրության հետ միասին: Նման դեպքում ատենախոսությունը պաշտպանությունից հանելու մասին հայցորդի դիմումը չի ընդունվում:
Ատենախոսության պաշտպանությունից հետո գիտական աստիճան շնորհելու մասին որոշումը խորհուրդն ընդունում է գաղտնի քվեարկությամբ:
Գաղտնի քվեարկությունից հետո, դրական որոշման դեպքում, խորհուրդը բաց քվեարկությամբ ընդունում է ատենախոսության մասին եզրակացություն: Եզրակացության մեջ պետք է արտացոլվեն ատենախոսության էական գիտական արդյունքները, դրանց նորության, հավաստիության գնահատականը, տեսական և կիրառական նշանակությունը, պետք է տրվեն հանձնարարականներ` դրանք օգտագործելու համար, պետք է նշվի, թե սույն կանոնակարգի 7-րդ կամ 8-րդ կետի որ պայմանին (պայմաններին) են համապատասխանում ատենախոսությունը, ինչպես նաև գիտական աստիճան շնորհելու մասին խորհրդի որոշումը:
Դրական որոշման դեպքում խորհուրդը ԲՈՀ է ուղարկում որակավորման գործը, որն ընդգրկում է ատենախոսությունը, սեղմագիրը և խորհրդի աշխատանքի կանոնակարգով սահմանված փաստաթղթերը: Բացասական որոշման դեպքում խորհուրդն այդ մասին գրավոր հայտնում է ԲՈՀ-ին և հայցորդին է տալիս քաղվածք խորհրդի նիստի արձանագրությունից` գաղտնի քվեարկության արդյունքների մասին:
Հայցորդը խորհրդի բացասական որոշումը կարող է գանգատարկել ԲՈՀ` վերջինիս սահմանած կարգով: