Կտրոնի վնասման (խոտանման), կորստի, հափշտակման կամ ոչնչացման դեպքում այն ենթակա է փոխարինման նոր կտրոնով, որի նպատակով ապահովադիրը դրա մասին կտրոնի վնասմանը (խոտանմանը), կորստին, հափշտակմանը կամ ոչնչացմանը հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է ապահովագրական ընկերությանը՝ անմիջականորեն կամ ապահովագրական գործակալի միջոցով, վերադարձնելով վնասված (խոտանված) կտրոնը: Վնասված (խոտանված) կտրոնն ապահովադրի կողմից չվերադարձվելու և կտրոնի վնասված (խոտանված) լինելու փաստը չապացուցվելու դեպքում կտրոնը համարվում է կորած:
Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ ապահովադիրը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ անհնարին էր վերը նշված ժամկետում տեղեկացնել ապահովագրական ընկերությանը կամ ապահովադիրը տեղյակ չի եղել և չէր կարող տեղյակ լինել կտրոնի վնասման (խոտանման), կորստի, հափշտակման կամ ոչնչացման մասին: Նախատեսված ձևով տեղեկացման անհնարին դարձնող հանգամանքների վերացման (կտրոնի վնասման (խոտանման), կորստի, հափշտակման կամ ոչնչացման մասին տեղեկացվելու) դեպքում ապահովադիրը պարտավոր է 2 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնել ապահովագրական ընկերությանը:
Կտրոնը (ձևաթուղթը) համարվում է վնասված (խոտանված)՝ պատռվելու, գունաթափվելու, քայքայվելու, անընթեռնելի դառնալու, մասնակիորեն այրվելու դեպքում, ինչպես նաև, եթե դրանում կատարված են ուղղումներ կամ փոփոխություններ: Ձևաթուղթը համարվում է վնասված (խոտանված) նաև այն դեպքում, եթե տպագրված տարեթվի (ամսվա) պատճառով այլևս պիտանի չէ օգտագործման:
Ապահովագրական ընկերության կողմից ապահովադրին տրամադրված կտրոնը փոխարինելու մասին դիմումն ստանալուց անմիջապես հետո ապահովագրական ընկերությունը համապատասխան գրառում է կատարում իր կողմից վարվող էլեկտրոնային գրանցամատյանում և Բյուրոյին տեղեկացնում վնասված (խոտանված), կորած, հափշտակված կամ ոչնչացված կտրոնների մասին:
Ապահովագրական ընկերությունն անհապաղ, բայց ոչ ուշ, քան ապահովադրի կողմից կտրոնը փոխարինելու մասին դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը, պարտավոր է ապահովադրին տրամադրել նոր կտրոն՝ համապատասխան հաշվառման ընթացակարգի: