Ի՞նչ էին հնում խորհրդանշում դիվանագետների ոսկյա զարդերը. դիվանագիտական էթիկետ

Էթիկետի պատմական զարգացման ընթացքը պայմանականորեն կարելի է բաժանել 3 փուլի՝ դիվանագիտական, պալատական, քաղաքացիական:

Հնում էթիկետի կանոնները հիմնականում պահպանվում էին միջպետական դիվանագիտական հարաբերություններում, ինչի հետևանքով առաջին հերթին ձևավորվեց դիվանագիտական էթիկետը:

Հնագույն նամակագրական պայմանագրերից մեկը կնքվել է եգիպտական փարավոն Ռամզես II-ի և խեթական թագավոր Հատուշիլ II-ի միջև Ք.ա. 1278թ-ին: Այդ պայմանագրով, որի պայմանները փորագրվել էին արծաթյա թիթեղի վրա, նրանք խաղաղություն էին հաստատում: Սա դիվանագիտական էթիկետի առաջին նամակագրական արտահայտություններից էր:

Հույները զարգացրեցին դիվանագիտական էթիկետը՝ ստեղծելով դեսպանական հանդիսավոր արարողակարգ: Դեսպանների հովանավորը Հին Հունաստանում համարվում էր Հերմես աստվածը: Ի պատիվ նրա, դեսպանները կրում էին «Հերմեսի գավազաններ», որոնց գլխիկին ամրացված էին դափնու տերևներ, թռչնի թևեր և թանկարժեք քարեր: Դափնու տերևները խորհրդանշում էին հունական դեսպանի փառքն ու պատիվը, թռչնի թևերը՝ շարժունությունը, իսկ թանկարժեք քարերը՝ խորամանկությունն ու ճարպկությունը: Դեսպաններին տրվում էին ծալվող քարտեր, որոնցում նշված էին բանակցություններ վարելու հրահանգները:

Դիվանագիտական էթիկետը հետագայում զարգացավ Հին Հռոմում: Հռոմից այլ երկրներ մեկնող դեսպանները կրում էին ոսկյա մատանիներ, որոնք խորհրդանշում էին նրանց ուժն ու հզորությունը: Այդ մատանիները նրանց այլ պետությունների սահմաններն անարգել անցնելու և դեսպանական ուղեբեռները տեղափոխելու իրավունք էին տալիս: Այլ երկրներից Հռոմ ժամանած դեսպաններին ընդունում էին հատուկ պաշտոնով մարդիկ՝ արարողակարգի մագիստրոսները:

Ավելի ուշ դիվանագիտական էթիկետը տարածվեց այլ երկրներում: Այն մեծ դեր էր խաղում երկրների միջև միջպետական հարաբերությունների ձևավորման գործում, իսկ երբեմն էլ՝ ընդգծում էր երկրի հզորությունը:

Ժամանակակից էթիկետի կանոնները ձևավորվել են եղածների հիման վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել