Տնտեսագիտության և խաղաղության ինստիտուտը (The Institute for Economics and Peace (IEP) հրապարկել է Համաշխարհային խաղաղության ինդեքս-2012 (Global Peace Index) զեկույցը, որտեղ 158 պետություններ դասակարգված են ըստ իրենց խաղաղության մակարդակի:
Համաշխարհային խաղաղության ինդեքս-2012-ի համաձայն` աշխարհի ամենախաղաղ պետությունների առաջատարը Իսլանդիան է: Իսլանդիային հաջորդում է Դանիան, Նոր Զելանդիան, Կանադան: Առաջատարների հնգյակը եզրափակում է Ճապոնիան:
Ցուցակում ներկայացված 158 երկրներից խաղաղության առումով ամենավատ ցուցանիշը կրկին գրանցվել է Սոմալիում: Սոմալիին զիջում է Աֆղանստանը` զբաղեցնելով 157-րդ տեղը:
Եվրոպական երկրների շարքում վատագույն արդյունքը Հունաստանինն է` 77-րդ տեղը:
ԱՄՆ-ն զբաղեցնում է 88-րդ տեղը, իսկ Ավստրալիան 22-ն է:
Հայաստանը աղյուսակում զբաղեցնում է 115-րդ տեղը` դառնալով առաջատար տարածաշրջանի մյուս երկրների նկատմամբ: Մեր հարևան երկրներից Վրաստանը զբաղեցրել է 141-րդ տեղը, Ադրբեջանը` 132-ը: Իսկ Իրանը գտնվում է 128-րդ տեղում: Ռուսաստանը հայտնվել է 153-րդ տեղում։
Զեկույց կազմողները պետություններում խաղաղության մակարդակը որոշել են «դաժանության բացակայությամբ»: 23 ցուցանիշներով դիտարկել են 158 պետությունները` սկսած պետության ռազմական ծախսերից մինչև պետության իր հարևանների հետ ունեցած հարաբերությունները և մարդու իրավունքների պաշտպանման մակարդակը:
Համաձայն զեկույցի` 2012 թվականին աշխարհը նախորդ տարվա համեմատ ավելի խաղաղ է: