Հայրության որոշման մասին կամ հայրության ճանաչման փաստի որոշման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա հայրության որոշման պետական գրանցումն իրականացվում է երեխայի հոր, մոր կամ այն խնամակալի (հոգաբարձուի), որի խնամակալության կամ հոգաբարձության ներքո է գտնվում երեխան, ինչպես նաև չափահաս երեխայի գրավոր դիմումների հիման վրա:
Դիմումի հետ միաժամանակ ներկայացվում է հայրության որոշման կամ հայրության ճանաչման փաստի հաստատման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը (քաղվածքը):
Դիմում ներկայացնելու իրավունք ունեցող անձինք կարող են սահմանված կարգով լիազորել այլ անձանց՝ դիմելու հայրության որոշման պետական գրանցման համար:
Երեխայի հոր մասին տվյալները հայրության որոշման ակտի գրառման մեջ լրացվում են հայրության որոշման կամ հայրության ճանաչման փաստի հաստատման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա:
ՔԿԱԳ մարմնի կողմից ծնողներին (ծնողներից մեկին) վերջիններիս դիմումի հիման վրա կազմվում և տրվում է hայրության որոշման վկայական:
Հայրության որոշման ակտի գրառման հիման վրա ՔԿԱԳ մարմինը հոր վերաբերյալ տեղեկությունները լրացնում է երեխայի ծննդի ակտի գրառման մեջ: