Ոստիկանությունից հայտնում են, որ հաշվառումից ժամանակավորապես կամ խոտանման հիմքով հանված մեքենաների տերերը, խուսափելով ապահովագրման կամ տեխզննման ծախսերից, առանց համարանիշերի մեքենաները շահագործում են դաշտամիջյան, համայնքային, հանրապետական ու միջպետական ճանապարհներին: Փորձը ցույց տվեց, որ նման մեքենաները ևս սպառնալիք են երթևեկության մյուս մասնակիցների համար:
Նշենք, որ դա նաև օրենքի խախտում է: Ըստ օրենսդրության՝ սահմանված կարգով չհաշվառված կամ տեխզննություն չանցած տրանսպորտային միջոց վարելն առաջացնում է տուգանք` 20 հազար դրամի չափով: Առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված համարանիշով վարողը մեկ տարի ժամկետով զրկվում է վարելու իրավունքից, իսկ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ նշանակվում է տուգանք՝ 200 հազար դրամի չափով: Առանց ԱՊՊԱ պայմանագրի վարելու համար նախատեսված է տուգանք՝ 100 հազար դրամի չափով:
Այսինքն՝ ժամանակավորապես կամ խոտանման հիմքով հաշվառումից հանված և առանց համարանիշերի մեքենա վարող անձինք կարող են տուգանվել մինչև 340 հազար դրամի չափով կամ զրկվեն տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից և տուգանվեն 140 հազար դրամի չափով։
Հորդորում ենք զերծ մնալ նման իրավախախտումներ կատարելուց։ Ոստիկանությունը հետևողական է լինելու նման խախտումներով վարողներ հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու, դրանով իսկ ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բաձրացնելու հարցում: Հատկապես առանց համարանիշերի շահագործվող խոտանված տրանսպորտային միջոցներ հայտնաբերելու նպատակով պարեկային ծառայությունն ու ճանապարհային ոստիկանությունը այսուհետ պարբերաբար իրականացնելու են ուժեղացված ծառայություններ։