Այսօր տեղի ունեցավ 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման արարողությունը, որի հեղինակը քանդակագործ Ալբերտ Վարդանյանն է։ Քանդակն ամբողջությամբ բրոնզից է, որում կան քարային լուծումներ։ Նախագիծն իրականացվել է Կառավարության նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ:
Iravaban.net-ը փորձել է պարզել, թե ինչ է խորհրդանշում հուշարձանը և ստեղծման ինչ պատմություն ունի։
Արձանը տեղադրվել է Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից Մանկական այգու մուտքի մոտ։
Հեղինակը ավելի վաղ հորդորել է կոնկրետ նմանություններ չփնտրել, քանի որ արվեստը սիմվոլիզմ է:
«Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման մասին» որոշման նախագիծը ներկայացվել էր դեռևս 2018-ին, Երևան քաղաքի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Զարուհի Փոստանջյանի, Մարինա Խաչատրյանի և Սոննա Աղեկյանի կողմից։
Այնուհետև, 2019-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին նման առաջարկ ներկայացրեց ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Լենա Նազարյանը։
Նախագծի առաջին բաց մրցույթը հայտարարվել էր 2019-ի նոյեմբերին: Բաից այդ, հանձնաժողովի կողմից լավագույնը ճանաչված գործի հեղինակը պարգևատրվում է 2 մլն դրամով: Սակայն առաջին մրցույթը ձախողվեց, հաղթող չընտրվեց։
2-րդ բաց մրցույթին ներկայացվել է 12 նախագիծ: Երկարատև քննարկումներից հետո մրցութային հանձնաժողովի անդամների քվեարկությամբ հաղթող է ճանաչվել քանդակագործ Ալբերտ Վարդանյանի «Ազդեցություն-հակազդեցություն» նախագիծը:
Մրցույթի մասնակիցների առաջ խնդիր էր դրված, որպեսզի հուշարձանի գաղափարական հորինվածքը սահմանափակվի միայն նշմարվող մարﬕնների ուրվագծերի համադրությամբ՝ բացառելով դիմանկարային նմանությունները: Բացի այդ, այն պետք է լիներ հարթաքանդակի տեսքով:
«Հարթաքանդակն իրենից ներկայացնում է բրոնզի և քարի համադրությամբ հուշարձան, որտեղ պատկերագրային լեզուն և գաղափարը հասանելի են դառնում քանդակային սիմվոլների և նյութի կառուցվածքային լուծումների միջոցով: Դիտողը հայտնվում է արվեստի ստեղծած միջավայրում, որն իր մեջ է կրում տվյալ տարածքի հիշողությունը և դիտողին տանում է դեպի 2008-ի մարտի ողբերգական օրերը»,-ավելի վաղ հայտնել էին Երևանի քաղաքապետարանից: