Հայաստանում բռնարարին զոհից հեռու պահելու համար ոտքին կամ ձեռքին էլեկտրոնային շղթա կամրացվի

Ազգային ժողովը քննարկում է «Ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ գործող օրենքով նախատեսված է ընտանիքում բռնության ենթարկված անձանց, այսինքն՝ զոհերի պաշտպանության երկու հիմնական մեխանիզմ: Առաջինը վերաբերում է անհետաձգելի միջամտության որոշմանը, որն անմիջականորեն կայացվում է ոստիկանության համապատասխան ծառայողի կողմից, երկրորդը պաշտպանության մասին որոշումներն են, որոնք ենթակա են դատական կարգով կայացման:

Նա ասաց, թե առաջարկվում է այս երկու խումբ որոշումների իրականացման տեսանկյունից օգտագործել նաև էլեկտրոնային հսկողության միջոցներ, որովհետև միջազգային պրակտիկան թույլ է տալիս նշել, որ ընտանիքում բռնության զոհ դարձած անձանց դեպքում, եթե կիրառվել է անհետաձգելի միջամտության մասին կամ պաշտպանության մասին որոշում, շատ ավելի հեշտ է զոհի պաշտպանությունն իրականացնել:

«Սա ենթադրում է, որ բռնարարի ու զոհի մոտ պետք է տեղադրվի էլեկտրոնային հսկողության սարք, որն իրար մոտենալու պարագայում կամ այլ խախտումներ կատարելու պարագայում ահազանգման համապատասխան հաղորդագրություն կուղարկի իրավասու մարմնին», – նշեց Սարգսյանը:

Սարքավորումների ձեռբքերումը պահանջում է որոշակի ֆինանսական միջոցներ. շուրջ 200 ձեռնաշթղայի հավաքածու ձեռք բերելու համար կպահանջվի մոտ 560 միլիոն դրամ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հետաքրքրվեց՝ ո՞նց է աշխատելու էլեկտրոնային հսկողության սարքը, ինչպե՞ս են ոստիկանության աշխատողները ստանալու ահազանգը: ՆԳ փոխնախարարը պարզաբանեց, որ բռնարարի ձեռքին կամ ոտքին համապատասխան շղթա կլինի, շղթա կլինի նաև բռնության զոհի մոտ, որպեսզի մոտենալու դեպքում հնարավոր լինի ազդակ ստանալ:

Էլեկտրոնային հսկողության միջոցները կիրառվում են արբանյակային, կենսաչափական, ռադիոալիքային կամ այլ էլեկտրոնային հսկողութան միջոցների կիրառմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել