Մարդու յուրաքանչյուր գիտակցված և կամային արարք (այդ թվում նաև հանցագործությունը), կատարվում է որոշակի շարժառիթներով (և յուրաքանչյուր արարք, ունի իր նպատակը): Բացի այդ, արարքները ուղեկցվում են հույզերով, որոնք հաճախ այնքան վառ արտահայտված և ուժեղ են լինում, որ առաջին հայացքից թվում է, թե հենց դրանք են հանցագործության շարժառիթները:
Քրեական իրավունքի տեսաբաններից շատերը շահադիտական դրդապատճառը դիտում են իբրև նյութական շահի ստացման ծգտում: Դժվար է նման մոտեցումը միանշանական ընդունել, քանի որ հեղինակները որևէ բացատրություն չեն տալիս, թե ինչ ի նկատի ունեն «նյութական շահ» ասելով:
Վ. Ն. Կուդրյավցևի կարծիքով` «շահադիտական դրդապատճառը ոչ այլ ինչ է, քան պահանջմունքի բավարարում (իրական կամ մտացածին) նյութական շահի տեսքով»: Այս ձևակերպումը նույնպես այնքան էլ ճիշտ չի բնորոշում շահադիտական դրդապատճառի բուն էությունը, քանի որ գույքը և «նյութական շահը» պահանջմունքներ չեն, այլ պահանջմունքի առարկա են հանդիսանում:
Եթե շահը, ինչպես դիտարկում են շատ տեսաբաններ, դիտվում է որպես գույքային կուտակումների մեծացում, ապա այն դժվար է հասկանալ ազնիվ արժեքների անիմաստ վատնման դեպքում: Միևնույն ժամանակ, այդպիսի գործողությունը, ինչպես նաև գույքի իրացումը` այն ոչնչացնելու նպատակով, դիտվում են որպես հափշտակություն, այսինքն` շահադիտական արարք:
Կարելի է դիտարկել, որ հանցագործության շարժառիթը հանցանք կատարելու որոշակի պահանջմունքներով պայմանավորված ներքին մղումն է: Շարժառիթն այլ կերպ կարելի է բնութագրել որպես նպատակին հասնելու ցանկություն:
Իրավաբանական գրականության մեջ շատ հաճախ նշվում է, որ դրդապատճառը արարք կատարելու գիտակցական մղումն է: Բայց դա ոչ միշտ է այդպես:
Հոգեբանները և քրեագետները վաղուց ապացուցել են, որ մարդկային արարքների, այդ թվում և հանցագործության, իրական շարժառիթները մեծամասամբ ենթագիտակցական բնույթ են կրում: Արարքի իրական դրդապատճառը չի կարելի նույնացնել արարքը կատարողի կողմից իր գործողությունների պատճառների բացատրության հետ: Մարդը մեծ մասամբ հասու չէ իր արարքների իրական դրդապատճառներին: Նա կարծում է, թե արարքը կատարում է որոշակի դրդապատճառներից ելնելով, մինչդեռ արարքի իրական, խորը շարժառիթները բոլորովին այլ են: Նույն ձևով, չի կարելի արարքի իրական դրդապատճառների մասին պատկարացում կազմել միայն արարքի արտաքին հատկանիշների վերլուծության արդյունքում: Այսպես, հափշտակությունը, ինչպես արդեն վերոնշյալ օրինակում անդրադարձանք, մեծամասամբ շահադիտական դրդապատճառներով է կատարվում, բայց զուտ այն փաստը, որ կատարվածը հափշտակություն է, դեռևս չի վկայում շահադիտական կամ, համենայն դեպս, միայն շահադիտական շարժառիթի առկայության մասին: Հաճախ, հափշտակությունները կատարվում են այլ, առավել էկան, իմաստային և խորը դրդապատճառներից ելնելով:
Մեծ բարդություններ են առաջացնում պաշտոնատար անձի կողմից կատարվող հափշտակությունների` քրեական գործերի որակման հարցերը:
Ինչպես արդեն քննարկեցինք վերոգրյալում, շահադիտական դրդապատճառի հինական մոտիվը պահանջմունքն է, դրա առարկան և արաքի ընտրությունը: Մարդկային պահանջմունքը բազմաբնույթ, բազմազան և փոփոխական է: Դրանք լինում են ինդիվիդուալ (առանձնահատուկ), խմբային, կոլեկտիվ և հասարակական: Ինքը` «շահ» բառը իր մեջ կրում է բացասական բարոյական գնահատական և խոսում է նրա էգոիստական բովանդակության մասին: Այնքան էլ ճիշտ չէ շահադիտական համարել հասարակական կամ կոլեկտիվ բարիքը:
Շահադիտակական դրդապատճառը ծնվում է միայն ինդիվիդուալ պահանջմունքների դեպքում, այն առաջանում է անձնական հետաքրքրություններից: Ինչ վերաբերում է խմբային շահին, ապա նրանք դառնում են շահադիտական դրդապատճառ, երբ նյութական շահը փոքր սոցիալական խմբի համար ուղղակի նշականում է անձնական շահ` իր առանձին անդամների համար: