Նախ և առաջ նշենք, որ վարույթն իրականացնող մարմինը վկային, տուժողին ու մեղադրյալին հարցաքննության կանչվում է ծանուցագրով: Ծանուցագիրը կանչվող անձին հանձնվում է ստորագրությամբ կամ փոխանցվում է կապի միջոցներով:
Քննիչի հիմնական խնդիրներից մեկը հարցաքննությանը նախապատրաստվելիս ինֆորմացիոն բազայի ստեղծումն է, տարաբնույթ ինֆորմացիայի հավաքագրումը, դասավորումը, դասակարգումը:
Ծանոթանալով քրեական գործի նյութերին ՝քննիչը նախ և առաջ որոշում է, թե ո՞ւմ պետք է հարցաքննել ու ի՞նչ հարցեր նրան առաջադրել:
Նախապատրաստելու նախնական շրջանում քննիչը աշխատում է ուսումնասիրել հարցաքննվող անձը, պարզել վերջինիս սոցիալական կարգավիճակը, նրա կողմից կատարվող սոցիալական դերը, ինչպես նաև hոգեբանական հնարավորությունները, որոնք նշանակություն ունեն քննության համար:
Որպես կանոն, հարցաքննության նախապատրաստումը ավարտվում է դրա պլանի կազմումով:
Հարցաքննության պլանը կարող է լինել լայնածավալ, ընդարձակված և կարճ:
Հարցաքննության ընթացքում պլանավորվող հարցերը պետք է ապահովեն մի շարք պահանջներ, լինեն հասկանալի հարցաքննվողի համար, կոնկրետ և միաժամանակ խթանող: