«Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան կալանավորվեց

Կալանավորվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի  տնօրեն Իրինա Մադաթովան։ Այս մասին լուրը Iravaban.net-ի հետ զրույցում հաստատեցին Գլխավոր դատախազությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նա ձերբակալվել է։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Միջադեպի հետևանքով զոհվել էր 16, տուժել՝ ավելի քան 60 մարդ։

Քրեական վարույթի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի 4 անձ՝ առևտրի կենտրոնի վարձակալներն ու փոխտնօրենը:

Ըստ Գլխավոր դատախազության հաղորդագրության՝ Ի.Մ.-ն դիտավորությամբ կեղծել է պարտականությունից և պատասխանատվությունից ազատող փաստաթուղթ և օգտագործել այն:

Մասնավորապես՝ 2019 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում Ի.Մ.-ն կազմել է կեղծ հրաման, որով ի պաշտոնե իր՝ որպես ՓԲ ընկերության տնօրենի՝ «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության տարածքի սանիտարահիգիենիկ, հրդեհատեխնիկական և պահպանության համար ստանձնած պարտականությունը 2019 թվականի փետրվարի 1-ից փոխանցվել է ընկերության առևտրի կազմակերպման գծով փոխտնօրեն Վ.Մ.-ին:

Նշված կեղծ փաստաթղթով, Ի.Մ.-ն ազատել է իրեն «Սուրմալու» առևտրի կենտրոնի սանիտարահիգիենիկ, հրդեհատեխնիկական և պահպանության կանոնները պահպանելու պարտականությունից և դրանց խախտման արդյունքում առաջացած հետևանքների համար նախատեսված պատասխանատվությունից:

Այնուհետև, Ի.Մ.-ն կեղծ հրամանը, ներկայացրել է քրեական վարույթով նախաքննությունն իրականացնող քննիչին:

Բացի այդ նա խախտել է «Հրդեհային անվտանգության մասին» օրենքով նախատեսված մի շարք դրույթներ, ինչպես նաև հրդեհային անվտանգության կանոններ: Ի.Մ.-ն նաև չի ապահովել օրենսդրությամբ սահմանված և նորմատիվ փաստաթղթերով նախատեսված հրդեհային անվտանգության պահանջներն ու օբյեկտի հրդեհային պահպանությունը, ինչպես նաև հակահրդեհային ջրամատակարարումը, շենքերին և շինություններին հարող մշտական գործող ճանապարհներով, կապի միջոցներով, չի իրականացրել պահեստների և շինությունների տեղաբաշխումը, չի մշակել և իրագործել հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ միջոցառումներ, սարքին վիճակում չի պահել հակահրդեհային համակարգերը և միջոցները, այդ թվում` հրդեհաշիջման առաջնային միջոցները, որոնց հետևանքով անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք՝ պատճառելով 566 մլն 329 հազար 823.5 դրամ գույքային վնաս:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել