Հյուրանոցային տնտեսության օբյեկտի որակավորման կարգ ստանալու նպատակով իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը պետք է հայտ ներկայացնի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Լիցենզավորման և թույլտվությունների գործակալություն:
Հայտում նշվում են հյուրանոցային տնտեսության օբյեկտի տեսակն ու ակնկալվող որակավորման կարգը:
Հայտին կից ներկայացվում են`
- հայտը ներկայացնելու պահից ոչ ավելի, քան 10 տարի առաջ ուժի մեջ մտած հյուրանոցային տնտեսության օբյեկտի շահագործման փաստագրման ակտը` «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, տեխնիկական անձնագիրը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 1998 թվականի նոյեմբերի 25-ի N 168 հրամանին համապատասխան, կամ շահագործման ենթակա լինելը հավաստող այլ իրավական ակտ.
- օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված հրդեհային անվտանգության պահանջներին հյուրանոցային տնտեսության օբյեկտի համապատասխանության մասին հրդեհային անվտանգության բնագավառում լիազոր մարմնի եզրակացություն` տրված ոչ շուտ, քան հայտը ներկայացնելու պահից 10 օր առաջ.
- Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի եզրակացությունը սանիտարահամաճարակային անվտանգության ապահովվածության մասին` տրված ոչ շուտ, քան հայտը ներկայացնելու պահից 10 օր առաջ.
- հյուրանոցային տնտեսության օբյեկտ հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ հայտատուի սեփականության կամ օգտագործման վկայականի պատճենը:
Որակավորման վկայականը տրվում է 5 տարի ժամկետով: