Ինչպե՞ս ստանալ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման վերաբերյալ տեսանյութերը

Մեխանիկական տրանսպորտային միջոցներով կատարված, տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ տեսանյութի կամ լուսանկարի կրիչը փաթեթավորվում և կնքվում է վարչական մարմնի կնիքով վարչական ակտի վարչական բողոքարկման օրենքով նախատեսված ժամկետը լրանալուց հետո:

Փաթեթի վավերապայմանները սահմանվում են վարչական մարմնի ղեկավարի հրամանով:
Վարչական ակտի հասցեատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի գրավոր պահանջով վարչական մարմինը նրանց է տրամադրում տեսանյութի պատճենը` դիմումը համապատասխան մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում: Պատճենահանումը կատարվում է դիմումատուի տրամադրած կրիչների վրա:

Վարչական ակտի հասցեատերը կամ նրա լիազոր ներկայացուցիչը կարող է տեսանյութի պատճենը տրամադրելու դիմում ներկայացնել վարչական ակտին իրազեկվելու պահից:

Տեսանյութի պատճենը հանձնվում է առձեռն, և հանձնման փաստն ամրագրվում է արձանագրությամբ, որի ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:

Եթե վարչական ակտի հասցեատերը կամ նրա լիազոր ներկայացուցիչը գրավոր դիմելուց հետո սահմանված ժամկետում չի ներկայացել վարչական մարմին տեսանյութի պատճենն ստանալու համար, ապա վարչական մարմնում կազմվում է արձանագրություն, որով փաստվում է նրա չներկայանալը: Արձանագրության ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:

Հասցեատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի չներկայանալը նրան չի արգելում կրկին դիմել վարչական մարմին` տեսանյութի պատճենը տրամադրելու խնդրանքով:

Վարչական մարմինը պարտավոր է ընդհանուր հիմունքներով տրամադրել տեսանյութի պատճենը, եթե այն սահմանված կարգով չի ոչնչացվել:

Վարչական վարույթի վերաբերյալ գործերը պահպանվում են օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան և ենթակա են արխիվացման` օրենքով սահմանված կարգով:

Բացի վարչական ակտի հասցեատիրոջից, իրավախախտումն ամրագրած տեսանյութում կամ լուսանկարում արձանագրված այլ անձանց պատկերները մթնեցվում են և վարչական վարույթի վերաբերյալ գործում, Հայաստանի Հանրապետության ոստիկանության համացանցի կայքէջում և ընդհանուր պահոցում պահվում են այդ պատկերով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել