ԵԽԽՎ համազեկուցողներն արձանագրել են Լաչինի միջանցքի փակ լինելը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիտորինգի համար պատասխանատու համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Օբերգը (Շվեդիա) փետրվարի 18-ին այցելել են Հայաստանն Արցախին կապող Բերձորի ճանապարհի (Լաչինի միջանցք – խմբ.) անցակետ ու արձանագրել դրա փակ լինելը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Սյունիքի մարզպետարանը։

«Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը փետրվարի 18-ին դիմավորել և ուղեկցել է փաստահավաք առաքելությամբ Սյունիք ժամանած՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիտորինգի համար պատասխանատու համազեկուցողներ Կիմմո Կիլյունենին՝ Ֆինլանդիայից և Բորիանա Օբերգին՝ Շվեդիայից։ Նրանց ուղեկցում էին Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

Համազեկուցողները հանդիպեցին Բերձորի ճանապարհի փակ լինելու պատճառով Սյունիքում ապաստանած արցախցիներին։ «Այստեղ ենք փաստահավաք առաքելությամբ՝ պարզելու, թե իրականում ինչ է կատարվում Հայաստան-Արցախ սահմանին։ Ուզում ենք լսել ձեզ, հասկանալ ձեր ապրումները, որպեսզի ներկայացնենք մեր զեկույցներում», – նրանց ասաց Կիմմո Կիլյունենը։

ԵԽԽՎ ներկայացուցիչներն այցելել են նաև Հայաստանն Արցախին կապող ճանապարհի անցակետ ու արձանագրել մայրուղու փակ լինելը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել