Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում ելույթ է ունեցել և անդրադարձել Թուրքիայում տեղի ունեցած երկրաշաժի կապակցությամբ իր ցավակցությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը և Արցախում տիրող իրավիճակին։
«Ինչո՞ւ եք հայաստանյան իշխանության ու արցախյան իշխանության միջև սեպ խրում, դրա իմաստը ո՞րն է, ո՞վ է շահելու դրանից», – արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին՝ ԱԺ-ում հայտարարեց Ալեն Սիմոնյանը, ապա հեգնեց. «Լավ ելույթ էր, «Երկիր մեդիա»-ով կդնեք, 10 անգամ ցույց կտաք»:
Անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի առնչությամբ Հայաստանի ցավակցական ուղերձներին ու օգնության տրամադրմանը՝ նա ասաց, թե քրիստոնյան չէր կարող չարձագանքել այդ ամենին:
«Ամբողջ աշխարհն է ցավակցում, նույնիսկ Կիպրոսն է ցավակցել ու օգնություն ուղարկել», – նշեց Սիմոնյանը: ԱԺ նախագահն ասաց, թե իրենք ուզում են ապահովել Հայաստանի անվտանգությունը:
«Երբ դուք ասում եք՝ Թուրքիան թշնամի՞ է, թե՞ ոչ, երեկ Ռուբեն Ռուբինյանն ասաց՝ այն գործողությունները, որը կար, թշնամական վերաբերմունք էր: Լավ, բա ի՞նչ անենք, Ստամբուլն արյան ծով սարքելու երգերով, կենացներով, գլուխ գովալով…տեսանք ուր բերեց այս փիլիսոփայությունը: Լավ, ընդունում եմ՝ թշնամական է, բա ի՞նչ անենք, հավաքվենք, գնանք հարձակվենք 90 միլիոնանոց Թուրքիայի վրա՞: Ուզում եմ հասկանալ՝ ձեր տարբերակը ո՞րն է», – դիմելով ընդդիմադիրներին՝ ասաց Ալեն Սիմոնյանը:
Նա ասաց, թե պետք է լուծել խնդիրներն ու երկիրը առաջ տանել:
Մանրամասները՝ տեսանյութում։