ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 26.07.2012թ.թիվ 263-Ն հրամանով սահմանվել են հրդեհային անվտանգության կանոնները բնակելի շենքերում:
Նշված կանոնների համաձայն`
1.Չի թույլատրվում բնակելի շենքերի բնակարաններում, հանրակացարանների բնակելի սենյակներում ստեղծել արհեստանոցներ, պահեստներ, որտեղ օգտագործվում և պահվում են պայթյունահրդեհավտանգ նյութեր, բացառությամբ նախագծման նորմերով նախատեսված դեպքերի:
2.Բնակարաններում, բնակելի սենյակներում թույլատրվում է պահել 20 լիտրից ոչ ավելի այրվող կամ դյուրավառ հեղուկներ (այրվող գազեր): Չի թույլատրվում այրվող կամ դյուրավառ հեղուկները, այրվող գազի բալոնները պահել փակ պատշգամբներում և խորշապատշգամբներում, եթե օդափոխության համակարգ չկա:
3.Խոհանոցային սալօջախները գազով մատակարարելու համար նախատեսված գազաբալոնային սարքերը (բալոններ 12լ-ից ավելի տարողությամբ) պետք է տեղադրվեն արտաքին խուլ պատին կից չայրվող շինությունում (պահարանում), որից մինչև մուտքն ընկած հեռավորությունը 5մ-ից պակաս չպետք է լինի: Կից շինությունում (պահարանում) պահվող բալոնների քանակը 3-ից ավելի չպետք է լինի:
4.Հյուրանոցների, մոթելների, կեմպինգների, հանրակացարանների համարներում (միջանցքներում) պետք է փակցված լինեն հրդեհի դեպքում տարահանման ուղղությունը ցույց տվող նշագծեր, սլաքներ:
Հրդեհի դեպքում բնակիչների տարհանումը հաջող կազմակերպելու համար հյուրանոցի աշխատակազմը պետք է ապահովված լինի անհատական պաշտպանության միջոցներով (շնչառական դիմակներ, հակագազեր և այլն):
Սոցիալական ապահովության կազմակերպություններում` ծերանոցներ, հաշմանդամների տներ, մանկատներ) պետք է կազմակերպվի սպասարկող անձնակազմի շուրջօրյա հերթապահություն: Հերթապահը պարտավոր է իր մոտ ունենալ տարահանման բոլոր ելքերի դռների բանալիները, իսկ մյուս օրինակը պետք է պահվի հերթապահի սենյակում: