Որքա՞ն է բնակավայրում և բնակավայրից դուրս թույլատրելի արագությունը

Վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի սահմանված արագությունը չգերազանցող արագությամբ` հաշվի առնելով երթևեկության ինտենսիվությունն ու տրանսպորտային միջոցի և բեռի վիճակն ու առանձնահատկությունները, ճանապարհային և օդերևութաբանական պայմանները, մասնավորապես, ճանապարհային ծածկույթի վիճակն ու տեսանելիությունը երթևեկության ուղղությամբ:

Վարորդը պետք է ընտրի այնպիսի արագություն, որը հնարավորություն է տալիս նրան կանոնների պահանջներին համապատասխան ապահովելու տրանսպորտային միջոցի լիարժեք կառավարումը:

Երթևեկության համար խոչընդոտ կամ վտանգ առաջանալու դեպքում, որը վարորդն ի վիճակի էր հայտնաբերել, նա պետք է միջոցներ ձեռնարկի արագությունն իջեցնելու` ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցը կանգնեցնելը: Այդ դեպքում կողանցումն ու շրջանցումը թույլատրելի է, եթե վարորդը համոզված է, որ դա անվտանգ է երթևեկության մյուս մասնակիցների համար:

Բնակավայրերում տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է 60 կմ/ժ ոչ ավելի արագությամբ, իսկ այն տարածքներում, որոնց մուտքն ու ելքը նշված են 5.21` «Բնակելի գոտի» և 5.22` «Բնակելի գոտու վերջ» նշաններով, ինչպես նաև բակային տարածքներում` 20 կմ/ժ ոչ ավելի արագությամբ:

Բնակավայրերից դուրս երթևեկությունը թույլատրվում է`
1) 90 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` թեթև մարդատար ավտոմոբիլներով և 3,5 տ ոչ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներով (110 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` ավտոմայրուղիներով).
2) 90 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` մերձքաղաքային, միջմարզային և միջքաղաքային փոխադրումներ իրականացնող ավտոբուսներով, միկրոավտոբուսներով ու մոտոցիկլներով` բոլոր ճանապարհներին.
3) 70 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` մնացած բոլոր ավտոբուսներով, կցորդի հետ կցված թեթև մարդատար ավտոմոբիլներին և 3,5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներին (90 կմ/ժ ոչ ավելի արագությամբ` ավտոմայրուղիներով):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել