Երեխայի ծննդյան պետական գրանցման հիմքերն են՝
ա) ծննդյան մասին սահմանված ձևի փաստաթուղթը՝ տրված բժշկական այն կազմակերպության կողմից, որտեղ տեղի է ունեցել ծնունդը.
բ) ծննդյան մասին սահմանված ձևի փաստաթուղթը՝ տրված բժշկական այն կազմակերպության կողմից, որը ցուցաբերել է բժշկական օգնություն ծննդի ժամանակ.
գ) ծննդյան մասին սահմանված ձևի փաստաթուղթը՝ տրված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական գործունեությամբ զբաղվող անձի (այսուհետ՝ բժիշկ) կողմից՝ բժշկական կազմակերպությունից դուրս ծննդի դեպքում.
դ) ծննդյան մասին սահմանված ձևի գրավոր հայտարարությունը՝ տրված ծննդի ժամանակ ներկա գտնված անձի (անձանց) կողմից՝ բժշկական կազմակերպությունից դուրս և առանց բժշկական օգնություն ցուցաբերելու ծննդի դեպքում և երեխայի կենդանության և առողջության մասին բժշկական կազմակերպության կողմից տրված տեղեկանքը.
ե) գտնված (ընկեցիկ) երեխային հայտնաբերելու մասին փաստաթուղթ՝ տրված ոստիկանության կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից` նշելով երեխային հայտնաբերելու ժամանակը, տեղը, հանգամանքները և երեխայի տարիքն ու սեռը հաստատող փաստաթուղթ` տրված բժշկական կազմակերպության կողմից.
զ) բժշկական կազմակերպության կամ բժշկի կողմից տրված պերինատալ մահվան մասին սահմանված ձևի փաստաթուղթը՝ մահացած ծնված երեխայի պետական գրանցման դեպքում.
է) ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին բժշկական կազմակերպության կամ բժշկի կողմից տրված սահմանված ձևի փաստաթուղթը՝ կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի ծննդի և մահվան պետական գրանցման դեպքում.
ը) նոտարական կարգով վավերացված փոխադարձ պայմանագիր, երեխային ծննդաբերած կնոջ համաձայնություն՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից՝ արհեստական սերմնավորում կամ արհեստական բեղմնավորում և սաղմի ներպատվաստում կամ պտղի հասունացում այլ կնոջ (փոխնակ մոր) միջոցով ծնունդ գրանցելու դեպքերում։
Ծննդի պետական գրանցման հիմքերի բացակայության դեպքում երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվում է երեխայի ծննդյան փաստը հաստատող` դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա: Այս դեպքում երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան ժամանակն ու վայրը ծննդյան ակտային գրանցման մեջ լրացվում են դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա։ Եթե ծնողների վերաբերյալ տեղեկությունները դատարանի վճռում նշված չեն, ապա այդ տեղեկությունները ծննդյան ակտային գրանցման մեջ չեն լրացվում։