Ցանկալի է, որ նույնիսկ ծնողազուրկ կամ առանց ծնողական խնամքի երեխաները ապրեն և դաստիարակվեն ընտանիքում: Այդ իսկ պատճառով ՀՀ օրենսդրությամբ նախատեսվում է, որ առանց ծնողական խնամքի մնացած երեխաները դաստիարակության համար ենթակա են հանձնման ընտանիք (որդեգրման), խնամակալության (հոգաբարձության) կամ խնամատար ընտանիք, իսկ նման հնարավորության բացակայության դեպքում՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար բոլոր տիպի կազմակերպություններ (դաստիարակչական, բժշկական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններ)։
Սակայն այն ընտանիքներին, որոնք ցանկանում եմ որդեգրել երեխային, վերցնել խնամակալության կամ պահել՝ որպես խնամատար ընտանիք, ներկայացվում են խիստ պահանջներ: Այդպիսի պահանջներց է որոշակի հիվանդություններով չտառապելը:
ՀՀ Կառավարությունը սահմանել է հիվանդությունների ցանկ, որոնց առկայության դեպքում անձը չի կարող երեխա որդեգրել, նրան ընդունել խնամակալության (հոգաբարձության) կամ ընդունել ընտանիք՝ դաստիարակության համար:
Այդ հիվանդություններն են.
- Բոլոր տեսակի փսիխոտիկ բնույթի հոգեկան խանգարումներ,
- Քրոնիկական ալկոհոլիզմ, թմրամոլություն, տոքսիկոմանիա,
- Ոչ փսիխոտիկ հոգեկան խանգարումներ, որոնք ընթանում են հաճախակի սրացումներով` արտահայտված նևրոտիկ և անձի խանգարումներով,
- Մտավոր զարգացման խանգարումներ, թուլամտություն,
- Շիզոֆրենիա, շիզոտիպային վիճակ և զառանցանքային խանգարումներ ,
- Էպիլեպսիա` բնավորության բնորոշ փոփոխություններով (անձի դեգրադացիայի երևույթներով),
- Տրամադրության խանգարումներ (գերագրգիռ (աֆեկտիվ) խանգարումներ),
- Տուբերկուլյոզի բաց ձևեր,
- Օրգան-համակարգերի հիվանդություններ` դեկոմպենսացիայի փուլում, անդարձելի փոփոխություններով և ֆունկցիայի կայուն խանգարմամբ,
- Սուր վարակիչ (ինֆեկցիոն) հիվանդություններ,
- Սեռական ճանապարհով փոխանցվող և մաշկային վարակիչ հիվանդություններ: