Դատական որոշումների հարկադիր կատարման ծառայության կատարողականը եղել է օրինակելի՝ կառավարման տեղեկատվության թարմացված համակարգի (MAKS) միջոցով գործառույթների ամբողջական ավտոմատացման և տարբեր ենթահամակարգերին ինտեգրման առումով: Սա Համաշխարհային բանկի 2013 թ. հունիսի 17-30-ը Երևանում կայացած առաքելության՝ Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի շրջանակներում տրված գնահատականն է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության գործունեությանը:
Համաշխարհային բանկի ընթացիկ զեկույցի համաձայն՝ ԴԱՀԿ-ի գործերի կուտակումները դեռևս չեն նվազում. այն պայմանավորված է ստացվող դեպքերի թվի աճով: Դեպքերի թվաքանակի վրա ազդող հնարավոր գործոններն են.
1. Ճանապարհային ոստիկանության դեպքերի հարկադիր կատարումը՝ պայմանավորված օրենսդրական փոփոխություններով
2. Առևտրային և քաղաքացիական դեպքերի քանակի ավելացումը՝ պայմանավորված համաշխարհային տնտեսական ճգնաժամով
3. ԴԱՀԿ ներկայացվող «հարկադիր կատարման ակտերի» մասնաբաժնի ավելացումը՝ պայմանավորված համակարգի նկատմամբ հանրային վստահության ավելացմամբ: Վերջինս պայմանավորված է ԴԱՀԿ-ի կարողությունների նկատմամբ հանրային վստահության ավելացմամբ, որը ներկայացվել է Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի շրջանակում անցկացված դատարաններից օգտվողների հարցման համատեքստում:
«Արդյունավետության բարձրացման հաշվին ԴԱՀԿ-ին հաջողվել է դիմակայել գործերի ավելացող թվին՝ անձնակազմի անփոփոխ չափի պարագայում»,-ասված է ՀԲ-ի զեկույցում: