5 անձ է ձերբակալվել կաշառքի դիմաց զորակոչիկին պարտադիր ժամկետային զինծառայությունից տարկետում տրամադրելու փաստով քննվող վարույթի շրջանակում

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ք. Ա.-ն և Ա.Պ.-ն իրենց որդուն՝ Ռ. Պ.-ին, բժշկական կեղծ ախտորոշումներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից երեք տարի ժամկետով տարկետում տրամադրելու համար դիմել են ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևան քաղաքի տարածքային ստորաբաժանման բժշկական հանձնաժողովի անդամ Ք. Տ.-ին և նախնական համաձայնության են եկել՝ այդ նպատակով վերջինիս կաշառք տալու հարցում։

Հանձնաժողովի վերը նշված պաշտոնատար անձը, ունենալով զինապարտների պիտանելիության վերաբերյալ եզրակացություն տրամադրելու լիազորություն, Ռ. Պ.-ի օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ բժշկական կեղծ ախտորոշումներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից երեք տարի ժամկետով տարկետում տրամադրելու գործընթացը կազմակերպելու համար, Ք. Ա.-ից 2022 թվականի նոյեմբերի 23-ին պահանջել է խոշոր չափերով՝ 1.777.185 ՀՀ դրամ գումարին համարժեք 4500 ԱՄՆ դոլար կաշառք: Այնուհետև Ք. Ա.-ն և իր ամուսինը՝ Ա. Պ.-ն, վերջինիս եղբոր և հանձնաժողովի անդամ Ք. Տ.-ի ամուսնու օժանդակությամբ, պահանջված կաշառքի գումարը 2022 թվականի նոյեմբերի 27-ին տվել են Ք. Տ.-ին:

03.02.2023 թ.-ին Ք. Տ.-ն, Ք. Ա.-ն, Ա. Պ.-ն և նրանց օժանդակած անձինք ձերբակալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ինչպես նաև իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ առերևույթ հանցագործությունների, ինչպես նաև դրանք կատարած անձանց ամբողջ շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել