Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկվում է հստակեցնել ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները։
Iravaban.net-ը հայտնում է, որ ՀՀ դրոշի ամբողջական, մաքուր և չգունաթափված լինելու պահանջը կսահմանվի, որպես ընդհանուր պահանջ:
Սահմանվել են հստակ պահանջներ, մասնավորապես՝
- Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է լինի ամբողջական, մաքուր և չգունաթափված:
- Հայաստանի Հանրապետության դրոշի երկարության հարաբերությունը դրոշաձողի երկարության նկատմամբ կարող է լինել 1:1,7-ից ոչ պակաս:
- Հայաստանի Հանրապետության դրոշը` ուղղահայաց դիրքով կախելու դեպքում պետք է ժամացույցի սլաքի ուղղության հակառակ 90 աստիճանով շրջել, այնպես, որ դեմքով դեպի դրոշը կանգնելիս կարմիր, կապույտ, նարնջագույն գույների հերթականությունը ձախից աջ չխախտվի:
- Բարձրացված Հայաստանի Հանրապետության դրոշի ներքևի մասը պետք է գտնվի գետնից 2,5 մետրից ոչ պակաս բարձրության վրա:
- Սույն օրենքով սահմանված կարգով մշտապես բարձրացված Հայաստանի Հանրապետության դրոշը գիշերային ժամերին պետք է լուսավորվի»:
Փոփոխություններ են կատարվել նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։
Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության դրոշին ներկայացվող պահանջները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից հարյուրապատիկի չափով:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում, որ օրենսգրքում վարչական պատասխանատվության ենթակա իրավախախտումների շարքում ավելացվել է ՀՀ դրոշի գործածման, այդ թվում` ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները խախտելու համար վարչական պատասխանատվություն: Ընդ որում, թե ՀՀ դրոշին ներկայացվող նշված պահանջները, թե այդ պահանջները չպահպանելու համար վարչական պատասխանատվությունը վերաբերում է միայն շենքերի վրա բարձրացված դրոշներին (օր.` Հանրապետության նախագահի նստավայրի, կառավարության, դատարանների, մարզական, մշակութային կազմակերպությունների և այլ օրենքով սահմանված շենքերի վրա):
Ինչ վերաբերում է պաշտոնատար անձանց աշխատասենյակներում կամ ՀՀ այլ վայրերում տեղադրված դրոշներին, կամ օրենքով նախատեսված փոխադրամիջոցների վրա ամրացված դրոշներին, ապա ստացվում է, որ այդ դեպքում դրոշին ներկայացվող պահանջները որպես պարտադիր պահանջներ նախատեսված չեն և վարչական պատասխանատվության հիմք հանդիսանալ չեն կարող:
Այսպիսով, կարևորելով ՀՀ դրոշի, որպես ՀՀ պետական խորհրդանիշի արժևորումը, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել «ՀՀ դրոշի մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: