Կառավարությունը փոխհատուցման աջակցություն կտրամադրի Ջերմուկ համայնքում հյուրանոցային և հյուրատնային գործունեություն իրականացնող տնտեսավարողներին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը հաստատել է ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2022 թ. սեպտեմբեր ամսին ռազմական գործողություններից տուժած տնտեսավարողների կոմունալ ծախսերի փոխհատուցման աջակցության ծրագիրը: Ըստ հիմնավորման՝ ռազմական գործողությունները մեծ ազդեցություն են ունեցել Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում հյուրանոցային և հյուատնային գործունեություն իրականացնող տնտեսավարողների գործունեության վրա։ Առաջին հերթին, ռազմական գործողությունների հետևանքներով պայմանավորված, հյուրանոցներն ու հյուրատները մինչև 2 ամսով դադարեցրել էին իրենց գործունեությունը՝ չընդունելով զբոսաշրջիկների։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության համաձայն՝ մոտ 3 անգամ նվազել է Ջերմուկ համայնքում հյուրանոցային, հյուրատնային գործունեություն իրականացնող տնտեսավարողների իրացման շրջանառությունը։

Այս իրավիճակում, զբոսաշրջիկների հոսք ապահովելու նպատակով՝ հյուրանոցների և հյուրատների մեծ մասն ընդհուպ մինչև 2 անգամ նվազեցրել էր նախկինում գործող ծառայությունների արժեքը։ Ըստ այդմ՝ առաջարկվում է միանվագ աջակցություն տրամադրել Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2022 թ. սեպտեմբերի 11-ի դրությամբ կացության կազմակերպում իրականացնող տնտեսավարողներին՝ 2022 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների էլեկտրաէներգիայի և գազի ծախսի հանրագումարի 100 տոկոսի չափով։ Ծրագրի իրականացման արդյունքում փոխհատուցում կստանա Վայոց ձորի Ջերմուկ համայնքում կացության կազմակերպման գործունեություն իրականացնող մոտ 20 տնտեսավարող։ Գազի և էլեկտրաէներգիայի փոխհատուցման ծախսը՝ ըստ նախնական հաշվարկների չի գերազանցի 50-60 մլն դրամը։

Անդրադառնալով ծրագրին՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է հասցեական և արդյունավետ որոշումների կայացման շրջանում հանրության հետ ամուր կապեր և շփումներ ունենալու անհրաժեշտությունը. «Այս որոշման նախապատմությունն եմ ուզում ներկայացնել: Նախորդ տարի՝ դեկտեմբերի 17-ին, Ջերմուկ քաղաքում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովի նիստը, և այդ ընթացքում մենք շփումներ ունեցանք Ջերմուկի բնակիչների, գործարար շրջանակների հետ և փորձեցինք հասկանալ, թե ինչով և ինչպես կարող ենք օգնել Ջերմուկին: Սա առաջարկներից մեկն էր, որ հենց իրենք՝ Ջերմուկի գործարար շրջանակներն են առաջարկել: Եվ մենք, 4 ամսվա՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների գազի և էլեկտրաէներգիայի արդեն փաստացի ծախսը, որի համար նրանք արդեն վճարել են,100 տոկոսով փոխհատուցում ենք»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել