ՀՀ քաղաքացիները կկարողանան Արաբական Միացյալ Էմիրություններ այցելել առանց մուտքի արտոնագրի։ Հունվարի 26-ին Կառավարությունը հավանություն է տվել համաձայնագրի կնքման Արտաքին գործերի նախարարության առաջարկությանը։
Առաջիկայում Արտաքին գործերի նախարարը պետք է կազմակերպի արձանագրության ստորագրումը:
Հիմնավորման մեջ նշվում է, որ ԱՄԷ-ն տարածաշրջանում ՀՀ առաջին առևտրական գործընկերն է, շարունակական աճ է գրանցում երկկողմ առևտրի և էմիրաթական ներդրումների ծավալը երկրում։ Նկատելի զարգացում է ապրում զբոսաշրջությունը, էականորեն մեծացել է ՀՀ-ԱՄԷ ուղիղ չվերթերի թիվը։
«Արձանագրության ստորագրման արդյունքում կապահովվի ՀՀ քաղաքացիների ազատ մուտքը ԱՄԷ՝ խթանելով առաջին հերթին զբոսաշրջիկների հոսքերի ավելացմանը։ Մուտքի արտոնագրի պահանջից ազատումը ամուր հիմք կստեղծի գործարար և տնտեսական կապերի աշխուժացման համար, ինչն իր հերթին կնպաստի ներդրումային և տնտեսական համագործակցության ընդլայնմանը։ Նշյալ հուշագրում լրացումներ կատարելու մասին արձանագրության ստորագրումը զարկ կտա միջմարդկային շփումներին ու միջմշակութային կապերին՝ նպաստելով երկու ժողովուրդների միջև մշակութային երկխոսությանը։
2022թ․ դեկտեմբերին ստորագրվել է «ԱՄԷ-ում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրումը։ Այս երկու փաստաթղթերի արդյունավետ կիրարկումը կշահագրգռի էմիրաթցի գործատուներին իրենց գործունեության ոլորտում ավելի մեծ թվով ՀՀ քաղաքացիներ ներգրավել»,-նշվում է հիմնավորման մեջ։