Ադրբեջանի կողմից շրջափակման, գազի և էլեկտրականության մատակարարման խափանման պատճառով Արցախի բնակարաններում սկսել են տեղադրվել փայտի վառարաններ: Այդ մասին ասված է Արցախի կառավարության տեղեկագրում (շրջափակման 46-րդ օր):
Ցուրտ ձմռան պայմաններում, առանց բնական գազի օգտագործման հնարավորության և թերի էլեկտրամատակարարման պայմաններում Արցախի բնակիչները, որպես ջեռուցման և սնունդ պատրաստելու այլընտրանքային տարբերակ, ստիպված սկսել են իրենց բնակարաններում փայտի վառարաններ տեղադրել։
Այս կապակցությամբ Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը զգուշացնում է քաղաքացիներին, որ հրդեհային անվտանգության տեսանկյունից վառարանների տեղադրումը ռիսկային է, եթե չպահպանվեն անվտանգության կանոնները։
Տեղեկագրում նաև ներկայացված է Արցախի շրջափակման 44-րդ օրվա վիճակագրությունը.
- 12 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
- 7 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
- Արդեն 169 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
- ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 508 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
- Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 46 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
- Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 4,700 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
Ավելի քան 18 000 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը: