Ցածր վարձատրվող աշխատանքի անցնելու դեպքում աշխատողը հնարավորություն կունենա նախկին գործատուից ստանալ տարբերությունը․ նախագիծ

Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություն և լրացում կատարել Աշխատանքային օրենսգրքում։ Iravaban.net-ը հայտնում է, որ գործող կարգավորմամբ՝ աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան:

Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:

Վճռաբեկ դատարանը 2022-ի մարտին իր որոշումներից մեկով գտնել է, որ Աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված՝ առանց օրինական հիմքի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում հարկադիր պարապուրդ վճարելու գործատուի պարտականությունը վերաբերում է տվյալ գործատուի և տվյալ աշխատողի միջև ծագած աշխատանքային իրավահարաբերություններին, և հարկադիր պարապուրդի օրենքով որոշված չափը չի կարող նվազեցվել՝ տվյալ աշխատողի և այլ գործատուի միջև ծագած աշխատանքային իրավահարաբերություններով պայմանավորված»:

Հաշվի առնելով նշվածը, ինչպես նաև այն, որ որոշ դեպքերում անձին աշխատանքից անօրինական ազատելուց հետո վերջինս ստիպված անցնում է ավելի ցածր վարձատրվող աշխատանքի և փաստացի նախկին գործատուի մեղքով ունենում է ավելի ցածր եկամուտ՝ սույն նախագծով առաջարկվում է համապատասխան լուծում, որով կկարգավորվեն վերոգրյալ երկու իրավիճակներն էլ: Մասնավորապես, աշխատողը չի ունենա անսահմանափակ հնարավորություններ, անկախ այլ բարձր վարձատրվող աշխատանքի անցած լինելու փաստից, գործատուից ստանալ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում, միևնույն ժամանակ, հարկադիր պարապուրդի ընթացքում ավելի ցածր վարձատրվող աշխատանքի անցած լինելու պարագայում աշխատողը հնարավորություն կունենա նախկին գործատուից ստանալու նախկին և ներկա աշխատավարձների միջև եղած դրական տարբերությունը, այսինքն՝ գումարի այն չափը, որը նա չի ստացել նախկին աշխատանքից անօրինական ազատվելու հետևանքով:

Արդյունքում՝ սույն նախագծով առաջարկվում է Աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասում երրորդ նախադասության «կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք» բառերը փոխարինել «եթե հարկադիր պարապուրդի ժամանակահատվածում աշխատողի կողմից չի կատարվել այլ աշխատանք» բառերով և Աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ՝

«Հարկադիր պարապուրդի ժամանակահատվածում աշխատողի կողմից այլ աշխատանք կատարելու բոլոր դեպքերում հարկադիր պարապուրդի համար վճարումը հաշվարկվում է հիմք ընդունելով աշխատողի՝ նախկինում և հարկադիր պարապուրդի ժամանակահատվածում ստացած աշխատավարձերի դրական տարբերությունը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել