Հունվարի 24-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց Ակադեմիայի կառավարման խորհրդի 2023 թվականի առաջին նիստը: Ներկա էին Խորհրդի նախագահ Արման Թովմասյանը (ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր), անդամներ Արա Մկրտչյանը (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ), Անդրանիկ Մնացականյանը (ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր), Լիլիթ Սարգսյանը (Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր), Մուշեղ Բաբայանը (ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ), Արշալույս Մինասյանը (ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական 3-րդ վարչության պետ), Գարեգին Բեգոյանը (ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ), Արսեն Այվազյանը (ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ), Ռոբերտ Ադիլխանյանը (ՀՀ քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչություն վարչության պետ), Ռաֆայել Վարդանյանը (ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ), Անահիտ Մանասյանը (ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ), Եղիազար Ավագյանը (ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետ), Վահե Ռաֆաելյանը (ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ), ինչպես նաև Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը:
Այս մասին տեղեկանում ենք Արդարադատության ակադեմիայի հայտարարությունից:
Ի թիվս այլ հարցերի՝ նիստի օրակարգում ընդգրկված էր Ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահի ընտրության հարցը: Փակ գաղտնի քվեարկությամբ Խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվեց Արսեն Այվազյանը: Խորհրդի անդամները շնորհավորեցին նորընտիր նախագահին՝ մաղթելով նրան բեղմնավոր և արդյունավետ աշխատանք: Վերջին մեկ տարում խորհուրդը նախագահում էր Արման Թովմասյանը: Խորհրդի անդամները շնորհակալություն հայտնեցին Ա. Թովմասյանին կատարած աշխատանքի համար՝ համոզմունքով, որ հետագա աշխատանքներն արդեն խորհրդի անդամի կարգավիճակով ևս չեն զիջի իրենց ակտիվությամբ:
Նիստի ընթացքում խորհուրդը քննարկեց և ի գիտություն ընդունեց Ակադեմիայի 2022 թ. գործունեության մասին հաշվետվությունը, ինչպես նաև 2021 թ. ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության անկախ վերստուգման (աուդիտի) արդյունքները: Խորհուրդը քննարկեց և հաստատեց նաև Ակադեմիայի 2023 թվականի եկամուտների և ծախսերի նախահաշիվը: