Բարձրագույն դատական խորհուրդը հունվարի 24-ին որոշումէ ընդունել՝ մի շարք դատավորների ռեզերվային կարգավիճակ ձեռք բերելու վերաբերյալ։
«Հիմք ընդունելով համապատասխան առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների նախագահների համապատասխան գրությունները և ղեկավարվելով ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-575-Ն սահմանադրական օրենքի 36-րդ հոդվածի 8-րդ և 11-րդ մասերով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Արձանագրել, որ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Վարոսյանը, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Դավթյանը, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանը, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտյոմ Ավետիսյանը, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Սուղյանը, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սասուն Մխիթարյանը, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Հակոբյանը 2023 թվականի հունվարի 24-ից ձեռք են բերել ռեզերվային դատավորի կարգավիճակ։
2․ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ սույն որոշման 1-ին կետում նշված դատարաններում առկա չեն քրեական մասնագիտացման ռեզերվային դատավորներ՝ արձանագրել, որ 2023 թվականի հունվարի 24-ից Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում համապատասխանաբար առկա են քրեական մասնագիտացման դատավորի պաշտոնի 1-ական (մեկական) թափուր տեղեր»,-նշվում է որոշման մեջ։
Ըստ որոշման՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` մինչդատական քրեական վարույթի դատական երաշխիքների վարույթները և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններն ու բողոքները քննող առանձին դատավորներին, որոնք առաջին անգամ դատավորի պաշտոնում նշանակվել են ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի փետրվարի 3-ի ՀՕ-265-Ն սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո նոր գործեր չեն հանձնվում, իսկ իրենց վարույթում մինչդատական քրեական վարույթի դատական երաշխիքների վարույթների և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ու բողոքների վերաբերյալ առկա գործերը օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` տասնօրյա ժամկետում, չավարտելու դեպքում ենթակա են վերաբաշխման մեկշաբաթյա ժամկետում, որից հետո համապատասխան դատավորները ձեռք են բերում ռեզերվային դատավորի կարգավիճակ: