Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Կրթության միջազգային օրվա առթիվ նամակ է ուղարկել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին, ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխավոր տնօրենին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այլ միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին, տեղեկանում ենք Արցախի ՄԻՊ-ի պաշտոնական կայքէջից։
Պաշտպանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամին, Արցախի կարևոր ենթակառուցվածքների աշխատանքի միտումնավոր խափանումներին և դրանց հետևանքով երեխաների կրթության և այլ հիմնարար իրավունքների խախտմանը:
Պաշտպանը նշել է, որ անընդունելի է միջազգային հանրության կողմից ցուցաբերած անգործունյա վերաբերմունքը, որը հանգեցնում է Արցախի տասնյակ հազարավոր երեխաների կրթության և այլ հիմնարար իրավունքների կոպիտ խախտմանը, և կոչ արել նշված կազմակերպություններին և դերակատարներին կոչերից և դատապարտումներից անցնել կոնկրետ հասցեական քայլերի և հավատարիմ մնալ ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին 1989թ. կոնվենցիայով ամրագրված սկզբունքներին։