ԱԱԾ-ն բացահայտել է ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք-գումարներ ստանալու բազմաթիվ դեպքեր

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման ու քննչական դեպարտամենտների կողմից փոխգործակցության ձևաչափով իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձինք իրենց իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի նկատմամբ թողտվություն դրսևորելու և նրա օգտին ապօրինի գործողություն կատարելու համար, որոշ դեպքերում՝ անձամբ, որոշ դեպքերում՝ ՀՀ ՊԵԿ այլ պաշտոնատար անձանց հետ խմբի կազմում, որոշ դեպքերում՝ տարբեր անձանց օժանդակությամբ Հայաստանի Հանրապետություն տարատեսակ ապրանքներ ներկրող տնտեսվարողներից կամ նրանց անունից հանդես եկած՝ մաքսային միջնորդական կամ բեռների փոխադրմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներից ներկրված տարատեսակ ապրանքների իրական ծավալները, քաշը, ծագման երկիրը ներկայացված հայտարարագրերում թաքցնելու և մաքսազերծման համար այլ անհրաժեշտ տվյալները խեղաթյուրելու պայմաններում հիշյալ խախտումները չարձանագրելու, համապատասխան միջոցներ չձեռնարկելու և մաքսային բեռների անխոչընդոտ բաց թողնելը կազմակերպելու համար 2022 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում հիշյալ անձանցից պահանջել ու ՀՀ դրամով կամ արտարժույթով ստացել են տարբեր չափերով, այդ թվում՝ խոշոր չափերով կաշառք-գումարներ:

Բացի դրանից, պարզվել է, որ ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության բարձրաստիճան պաշտոնատար անձն իր իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով ՊԵԿ պաշտոնատար անձի նկատմամբ թողտվություն դրսևորելու, այն է՝ ներկրմամբ զբաղվող տարբեր տնտեսվարողների կողմից վերը նկարագրված չարաշահումները թույլ տալու պայմաններում համապատասխան միջոցներ չձեռնարկելու, փոխարենը՝ ապրանքների անխոչընդոտ բացթողումն իրականացնելու դիմաց կաշառք-գումարներ ստանալու հանցանքներում պաշտոնատար անձին չմերկացնելու, այդ ուղղությամբ համապատասխան միջոցներ չձեռնարկելու համար, 2022 թվականի նոյեմբերին վերջինից պահանջել և ստացել է կաշառք-գումար:

Դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթով կատարվել են շուրջ երեք տասնյակից ավել խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել և վերցվել են հանցանքների կատարմանը վերը նշված անձանց առնչությունը վկայող տվյալներ, ինչպես նաև ապօրինի պահվող հրազեններ, որոնց դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնք միացվել են սույն քրեական վարույթին:

Նախաքննության ընթացքում հանցանքների կատարումը վկայող փաստերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 15 անձի նկատմամբ, որոնցից 12-ի նկատմամբ որպես խափանման միջոց՝ ընտրվել է կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցավոր սխեմայում ներգրավված պաշտոնատար և այլ անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել