ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ամփոփվել են 2022թ. սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիայի առթիվ իրականացվող քննության արդյունքները։
Ասյ մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:
Ըստ այդմ, նշված ագրեսիայի ակտի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 149-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի մեկուկես տասնյակ համայնքներում կատարվել է շուրջ 100 դեպքի վայրի զննություն։ Դրանց արդյունքում, ինչպես նաև մինչ այժմ կատարված քննության նախնական տվյալներով պարզվել են համայնքներին պատճառված վնասները. ավերված կամ վնասված համայնքապետարանի շենք, հրշեջ փրկարական ջոկատի շենք, դպրոց, 3 հյուրատուն, հանդիսությունների սրահ, 100-ից ավելի սեփական բնակելի տուն, անասնագոմեր, ջերմոց, մեկ տասնյակի հասնող քաղաքացիական ավտոմեքենաներ, ավտոճանապարհներ, այրված խոտածածկ և անտառածածկ մեծ տարածքներ, պտղատու այգի, և այլն։
Բացի այդ, վնասվել են նշված մարզերում տեղակայված 6 զորամաս, ռազմական օբյեկտներ և տեխնիկա, այդ թվում՝ բուժծառայության 2 ավտոմեքենա: Քրեական վարույթի շրջանակում նշանակվել են ավելի քան 7 տասնյակ դատա-պայթյունատեխնիկական, հրդեհատեխնիկական, շինարարա-տեխնիկական, ապրանքագիտական հանձնաժողովային համալիր, ինչպես նաև բուսաբանական փորձաքննություններ:
Նախաքննության ընթացքում տուժող են ճանաչվել և հարցաքննվել 600-ից ավել անձինք, հարցաքննվել են 1000-ից ավելի վկաներ, նշանակվել են 224 դիակի դատաբժշկական փորձաքննություններ, ինչպես նաև 98 դատագենետիկական և 350-ից ավել դատաբժշկական փորձաքննություններ:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ադրբեջանի կողմից իրականացրած ագրեսիայի հետևանքով հայկական կողմից զոհվել է 224 անձ, այդ թվում՝ 3 քաղաքացիական անձ, անհայտ է 3 զինծառայողի գտնվելու վայրը։
ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված այդ ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից կատարված տարբեր հանցագործությունների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում նախաձեռնվել է ևս 23 քրեական վարույթ, որոնք միացվել մեկ վարույթում:
Մասնավորապես, քննության առարկա են՝
-
- ադրբեջանական զինծառայողների, կողմից մարտադաշտում սպանված հայ զիծառայողների (այդ թվում նաև կին) դիակներն անարգելու դեպքերը,
- միջազգային իրավունքով պաշտպանությունից օգտվող, ռազմագերու կարգավիճակում գտնվող ՀՀ զինված ուժերի երկու տասնյակից ավելի զինծառայողների հանդեպ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու՝ ծաղրելու, սեռական բնույթի հայհոյանքներ և այլ վիրավորական արտահայտություններ հնչեցնելու եղանակով նրանց պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու, խոշտանգելու և անմարդկային վերաբերմունք դրսևորելու դեպքը,
- գերության մեջ գտնվող ՀՀ ԶՈՒ զինծառայողին բռնության ենթարկելու, խոշտանգելու և սպանելու փաստերը,
- տարածված տեսագրությամբ արձանագրված՝ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից ռազմական ագրեսիայի ընթացքում մի խումբ գերի հայ զինծառայողների ուղղությամբ կրակահերթ արձակելու և սպանելու փաստը,
- հայ վիրավոր զինծառայողների նկատմամբ բռնություն կիրառելու մասին վկայող տեսաձայնագրությունը, որը, ինչպես պարզել է նախաքննությունը, կատարվել է 13.09.2022թ. ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության ներքո գտնվող, սակայն ռազմական գործողության արդյունքում բռնազավթված մարտական դիրքի գետնատնակում: Նախաքննությամբ նույնականացված՝ տեսանյութում պատկերված ռազմագերու կարգավիճակում գտնվող դեռևս ողջ ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների սպանված մարմինները հետագայում փոխանցվել են հայկական կողմին։
- Քննության առարկա են նաև Ադրբեջանական ԶՈՒ զինծառայողների կողմից ՀՀ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ և Սյունիքի մարզի Գորհայք համայնքների, Գեղարքունիքի մարզի մի շարք բնակիչներին պատկանող խոշոր չափերով գույքերը՝ կացարանները, անասունները և ավտոմեքենաները, ՀՀ ՊՆ մի շարք զորամասերի հաշվեկշռում գտնվող առանձնապես խոշոր չափերով գույքերը, ռազմական անհրաժեշտությամբ չպայմանավորված, ապօրինի, կամայական ոչնչացնելու և հափշտակելու դեպքերը։
- Քննության առարկա է նաև հակառակորդի կողմից գրավված մարտական դիրքերից զոհված հայ զինծառայողների դիերը դուրս բերելու նպատակով կազմված խմբի 4 հայ անդամներին 15.09.2022թ-ին ետ վերադառնալ չթույլատրելու դեպքը (բանակցություններից հետո վերջիններս վերադարձվեցին հայկական կողմին):
Քրեական միասնական վարույթի շրջանակնում շարունակվում են հսկայածավալ քննչական, վարութային, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործություն կատարած Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների նույնականացման, նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, կատարված ռազմական հանցագործությունների ողջ պատկերն ամբողջացնելու նպատակով։
Բացի վերոնշյալը, չնայած ՀՀ տարածքային ամբողջականության դեմ իրականացված նշված ռազմական ագրեսիայի ընթացքում ՀՀ զինված ուժերի կողմից կազմակերպված ուժեղ դիմադրության ցուցաբերմանը, ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչությունում քննության առարկա են դարձվել նաև ՀՀ զինված ուժերի որոշ ներկայացուցիչների առանձին գործողություններ՝ կապված մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու, կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում գտնվող և ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված անձին անօգնական վիճակում թողնելու, մարտի պարագայում ծառայողական պարտականությունները չկատարելու, զինծառայությունից ժամանակավորապես խուսափելու նպատակով ժամանակին ծառայության վայր չներկայանալու, ծառայողական ռազմական գույքը կորցնելու և այլնի հետ։
Նման դեպքերի առթիվ նախաձեռնվել է 22 քրեական վարույթ, որոնց շրջանակներում մեղադրանքներ են ներկայացվել 16 զինծառայողների, որոնցից 6-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, իսկ մնացածի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։ Նշված քրեական վարույթներից 6–ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, մյուսներով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: