ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով սահմանված է շինությունների ջեռուցման կարգ

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքով սահմանված է շինությունների ջեռուցման կարգ։

Iravaban.net-ը հայտնում է, որ 195-րդ հոդվածի համաձայն վառարանային ջեռուցման դեպքում ջեռուցման կարգն ու ժամկետը, վառելիքի ընդունման ու բացթողման կարգը սահմանում է գնդի հրամանատարը:

Բոլոր կաթսայատները, կենտրոնական ջեռուցման համակարգերը, վառարաններն ու ծխնելույզները մինչև ջեռուցման շրջանի սկիզբը պետք է ստուգվեն, իսկ անսարքները` նորոգվեն: Ծխնելույզի մաքրումն իրականացվում է սահմանված ժամկետներում:

197-րդ հոդվածը սահմանում է, որր վառարանները վառելը պետք է ավարտվի ժամը 20-ից ոչ ուշ: Ուսումնական և ծառայողական շինություններում վառարանների վառելը կատարվում է առավոտյան և պետք է ավարտվի պարապմունքները (աշխատանքները) սկսվելուց մեկ ժամ առաջ: Այն շինություններում, որտեղ ջերմաստիճանը սահմանված նորմերից ցածր է, գնդի հրամանատարի թույլտվությամբ կարելի է շարունակել վառարանները վառելը:

198-րդ հոդվածով ջեռուցման շրջանում վառարանները վառելու համար զինվորների թվից գնդի հրամանով նշանակվում են հնոցապաններ, որոնց նախապես պետք է սովորեցնել վառարանները վառելու կանոններն ու հրդեհային անվտանգության պահանջները: Հնոցապանները պարապմունքներից չեն ազատվում: Ջեռուցման շրջանում նրանք ազատվում են բոլոր վերակարգերից:

223-րդ հոդվածի համաձայն Հակահրդեհային պաշտպանության և փրկարարական աշխատանքների ծառայության պետը պարտավոր է արգելել ջեռուցման, լուսավորության և այլ անսարք ու հրդեհավտանգ սարքավորումներից և սարքերից օգտվելը։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել