Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, հունվարի 20-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալ Է. Մ.-ի մոտ եկած քաղաքացուհի Ա. Ե.-ին:
Խուզարկությամբ վերջինիս կիսաճիտք կոշիկի միջից հայտնաբերվել են փաթեթներ, որոնց մեջ առկա են եղել թմրամիջոցներին նմանվող կասկածելի զանգվածներ՝ փաթեթների հետ միասին 2,8 և 3.5 գրամ քաշ կազմող, համապատասխանաբար՝ մուգ դարչնագույն, փոշենման և դեղնականաչավուն, բուսական զանգվածներ, ինչպես նաև՝ փաթեթների հետ միասին 4,2 գրամ և 3,1 գրամ քաշ կազմող, համապատասխանաբար՝ սպիտակ, բյուրեղանման և մուգ դարչնագույն մածուցիկ զանգվածներ:
Դեպքի շրջանակներում ժամը 12:20-ի սահմաններում խուզարկություն է իրականացվել նաև վերոնշյալ դատապարտյալի խցում, որի արդյունքում հայտնաբերվել են 2 բջջային հեռախոս, լիցքավորիչ և 5 զույգ ականջակալ:
Քաղաքացուհի Ա. Ե.-ն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողների կողմից ձերբակալվել է և ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: