1362թ. անգլիական խորհրդարանը պարտադիր հրաման է ընդունել, համաձայն որի` անգլիական բոլոր դատարաններում դատավարությունը պետք է իրականացվեր անգլերեն լեզվով:
Հրամանի ընդունումը պայմանավորված էր նրանով, որ այդ ժամանակ անգլիական վերնախավը հիմնականում խոսում էր ֆրանսերեն, իսկ ավելի ստորին խավի ներկայացուցիչները չէին տիրապետում ֆրանսերենին, ուստի դատարանում չէին կարողանում հասկանալ, թե ինչ հարցեր են իրենց տալիս և ինչում են մեղադրում:
Հայաստանի Հանրապետության Մայր օրենքի 12-րդ հոդվածը հռչակում է, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է։
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` Հայաստանի Հանրապետությունում դատավարությունը տարվում է հայերեն:
Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանում հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը:
Նույնաբովանդակ նորմ է պարունակում նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը:
Մասնավորապես`Հայաստանի Հանրապետությունում քրեական դատավարությունը տարվում է հայերեն: Քրեական դատավարության ընթացքում յուրաքանչյուր ոք, բացառությամբ քրեական վարույթն իրականացնող մարմնի, իրավունք ունի հանդես գալ այն լեզվով, որին տիրապետում է:
Քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` քրեական դատավարության լեզվին չտիրապետող` քրեական դատավարությանը մասնակցող անձանց պետական միջոցների հաշվին հնարավորություն է տրվում թարգմանչի օգնությամբ իրականացնել օրենքով սահմանված իրենց իրավունքները:
Քրեական դատավարության լեզվին չտիրապետող համապատասխան անձանց տրվում են օրենքով նախատեսված` հանձնման ենթակա փաստաթղթերի վավերացված պատճեններն այն լեզվով, որին նրանք տիրապետում են:
Այլ լեզվով փաստաթղթերը քրեական գործին կցվում են դրանց հայերեն թարգմանությունների հետ: