Ոստիկանությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության որոշումներից մեկում։ Iravaban.net-ը e-draft կայքից տեղեկանում է, որ նախագծով նախատեսվում է ինկասացիոն կազմակերպությունների աշխատողների կողմից օգտագործվող զենքի տեսակներից հանել «ազդանշանային զենքը» և «գազային՝ ատրճանակ և ռևոլվեր» և վերջիններիս կողմից օգտագործվող զենքի տեսակների ցանկը լրացնել «մարտական՝ ձեռքի մարտական հրաձգային» զենքով։
Հիմնավորման մեջ նշվում է․ «Ինկասացիոն կազմակերպությունների աշխատողների կողմից օգտագործվող զենքի տեսակներից կհանվի ազդանշանային զենքը, քանի որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում, որպես քաղաքացիական զենքի տեսակ ազդանշանային զենք այլևս նախատեսված չէ։
Բացի այդ նույն օրենքի 31-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն՝ ազդանշանային սարքերը հաշվառման (գրանցման) ենթակա չեն, հետևաբար ձեռք է բերվում առանց թույլտվության։
Միաժամանակ նախագծով նախատեսվում է ինկասացիոն կազմակերպությունների աշխատողների կողմից օգտագործվող զենքի տեսակների ցանկից հանել գազային՝ ատրճանակը և ռևոլվերը, քանի որ արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված փամփուշտներով ատրճանակի կամ ռևոլվերի նմանվող սարքերը բավարար չեն ապահովելու հուսալի անվտանգություն ինկասացիոն կազմակերպությունների առջև դրված խնդիրների իրականացման համար։
Նախագծով նախատեսվում է որոշման 1-ին կետի «գ» ենթակետը խմբագրել՝ ենթակետով նշված իրավական ակտըուժը կորցրած ճանաչվելու» ՀՀ ոստիկանության պետի 30․04․2021թ․ թիվ 5-Ն հրաման» և իրավահաջորդ իրավական ակտի՝ ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 1-ի «Քաղաքացիական և ծառայողական զենքի և ռազմամթերքի քրեագիտական պահանջները հաստատելու մասին» թիվ 429-Ն որոշման ընդունմամբ պայմանավորված։
Նախագծով առաջարկվում է որոշման 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել, քանի որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով արդեն իսկ նախատեսել է ՀՀ ոստիկանության կողմից ինկասացիոն ծառայություններին մարտական զենք տրամադրելու իրավակարգավորումը։ Բացի այդ նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետով արդեն իսկ մարտական՝ ձեռքի մարտական հրաձգային զենքը նախատեսվում է որպես ինկասացիոն կազմակերպությունների աշխատողների կողմից օգտագործվող զենքի տեսակների ցանկում»: