Հայոց Եկեղեցին հնարավոր բոլոր ջանքերը շարունակելու է գործադրել՝ պաշտպանելու արցախահայության՝ հայրենի հողում ազատ ու անկախ ապրելու իրավունքը․ Գարեգին Երկրորդ

Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ Մայր Աթոռի իրավախորհրդատվական հանձնախմբի նիստը։ Նիստին քննարկվեցին Արցախի շրջափակման պայմաններում Եկեղեցու կողմից իրականացվող քայլերի, մասնավորաբար՝ իրավական անհրաժեշտ գործիքների կիրառման, ինչպես նաև առաջիկա անելիքների հետ կապված հարցեր:

Զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետ Գերաշնորհ Տ․Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը` արձանագրելով, որ դեկտեմբերի 12-ից Արցախը Հայաստանի հետ կապող Բերձորի (Լաչինի) միակ ճանապարհի արգելափակման հետևանքով արցախահայությունը շարունակում է գտնվել հումանիտար աղետալի իրավիճակում։ Բնապահպանական կեղծ պատճառաբանություններով ոտնահարվում են Արցախի հայերի տեղաշարժի, սնունդ ու բժշկական աջակցություն ստանալու և կենսական մյուս իրավունքները:

Ներկայացվեցին ճգնաժամային նման իրավիճակում Վեհափառ Հայրապետի և Մայր Աթոռի կողմից իրականացված աշխատանքները, մասնավորապես անդրադարձ կատարվեց այն հանգամանքին, որ դեռևս դեկտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հիշյալ հարցի վերաբերյալ մի շարք գրություններով դիմել էր Քույր Եկեղեցիների պետերին և միջազգային կառույցներին, որպեսզի իրենց աջակցությունը բերեն արցախահայությանը: Նորին Սրբությունն արձանագրել է, որ Արցախը, մնալով շրջափակման մեջ, կանգնած է լիակատար հումանիտար աղետի առջև։ Ի պատասխան Նորին Սրբության կոչի, արձագանքներ են ստացվել Ռուս Եկեղեցու Պետի, Հռոմի Սրբազան Քահանայապետի, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի, Եվրոպական Եկեղեցիների Խորհրդի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարների կողմից:

Միաժամանակ, Ամենայն Հայոց Կաթողիկոսն Արցախի արգելափակման առնչությամբ մի շարք հանդիպումներ է ունեցել պետական, քաղաքական, միջազգային և դիվանագիտական տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ:

Նորին Սրբության կողմից շրջաբերական գրություն է ուղղվել նաև Հայաստանի և Սփյուռքի բոլոր թեմերի առաջնորդներին, առ այն, որ թեմական, համայնքային, ազգային կառույցների ջանքերի համադրմամբ Արցախում ստեղծված աղետալի իրավիճակի խնդիրը բարձրացվի ու ներկայացվի պետական, միջազգային, դիվանագիտական ու մարդասիրական պատկան կառույցների ու կազմակերպությունների առջև:

Զեկույցի ավարտին ծավալվեց մտքերի փոխանակում, ներկայացվեցին առաջարկներ, որոնք կյանքի կկոչվեն առաջիկայում։ Առանձնահատուկ կերպով ընդգծվեց արցախահայերին սննդով և կենսական անհրաժեշտության պարագաներով ապահովելու կարևորությունը:

Վերջում Նորին Սրբությունն, ամփոփելով խորհրդակցության արդյունքները, համապատասխան հանձնարարականներ ուղղեց Մայր Աթոռի պատկան կառույցների ղեկավարներին՝ արձանագրելով, որ Հայոց Եկեղեցին հնարավոր բոլոր ջանքերը շարունակելու է գործադրել հումանիտար ճգնաժամը հաղթահարելու և պաշտպանելու արցախահայության հայրենի հողում ազատ ու անկախ ապրելու իրավունքը:

Խորհրդակցության ավարտին Վեհափառ Հայրապետն աղոթք հնչեցրեց աշխարհի խաղաղության և Հայաստանի ու Արցախի անվտանգ ու ապահով կյանքի և համայն հայ ժողովրդի բարօրության համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել