Խորը ցավով տեղեկացնում ենք, որ ի Տեր ննջեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մեծանուն բարերար, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանակիր, «Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոսակիր, նվիրյալ հայորդի տիար Հայկ Տիտիզյանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկավական համակարգից:
«Լուսահոգի Հայկ Տիտիզյանը, որպես ազգասեր ու եկեղեցանվեր հայորդի, մեծ նախանձախնդրությամբ մշտապես իր զորակցությունն է բերել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառությանն ու շինությանը, աջակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազգօգուտ, եկեղեցանվեր նախաձեռնությունների իրականացմանը։
Տիտիզյան բարեպաշտ ընտանիքը մեծապես աջակցել է Հայ Եկեղեցու բարեսիրական տարբեր ծրագրերի իրականացմանը, սատարել հոգևորականաց պատրաստությանն ու հայապահպանությանն ուղղված առաքելությանը, ինչի խոսուն վկայությունն է Սուրբ Էջմիածնի Գարեգին Ա-ի անվան կրթական կենտրոնի և ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Սուրբ Ներսես Ընծայարանի նոր համալիրի կառուցումը։
Հոգելույս Հայկ Տիտիզյանը տարբեր բարեգործություններով իր զորակցությունն է բերել Հայրենիքին՝ Հայաստանին ու Արցախին: Կարևոր ներդրում է ունեցել համավարակի շրջանում Մայր Աթոռի սոցիալական ծրագրերի իրականացման գործում, ինչպես և մեծապես օժանդակել Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի հիմնանորոգությանը։
Նորին Սուրբ Օծություն Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն իրենց խոր վշտակցությունն ու զորակցությունն են հայտնում Տիտիզյան սգակիր ընտանիքին և աղոթում հոգելույս Հայկ Տիտիզյանի հոգու խաղաղության և հանգստության համար:
Խունկ, աղոթք և օրհնություն ննջեցյալի բարի հիշատակին»,-ասվում է հաղորդագրությունում։