Այդ սպան ողջ է, վիճակը ծայրահեղ ծանր է․ զինդատախազ Գրիգոր Էլիզբարյան

ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի սպան, որը կոչումով կապիտան է եղել, վառարանի կրակը թեժացնելու նպատակով դուրս է եկել և զորամասի տարածքում գտնվող 5 լիտրանոց տարայով ավտոբենզինը վերցրել և վերադարձել է զորանոց։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը։

«Վառարանի մեջ բենզին լցնելու ընթացքում բոցից ինքն այրվել է, համազգեստը կպել է, մեխանիկորեն ձեռքից նետել է տարան, որի արդյունքում հրդեհը տարածվել և մեծ արագությամբ բռնկվել է։ Գոռացել է, փորձել է միջոցներ ձեռնարկել զինծառայողներին հանելու, բայց կրակը շատ արագ է բռնկվել և մուտքն արգելափակվել է, զինծառայողները դռնից դուրս գալու հնարավորություն չեն ունեցել։ Հետագայում միջամտել են դրսում գտնվող մի քանի զինծառայողներ, ճաղավանդակներից երկու հոգու դուրս են հանել»,-ասաց նա։

Գրիգոր Էլիզբարյանի խոսքով՝ սպան ողջ է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

«Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գիտակցություն առկա է, բայց դեռևս կոնտակտի մտնելու հնարավորությունը քիչ է, դեմքի շրջանում և մարմնի այլ մասերում ունի բազմաթիվ վնասվածքներ, շփումը սահմանափակ է»,-նշեց նա։

Զինդատախազը նշեց, որ երկու-երեք զինծառայող հարցաքննվել են և գործը գտնվում է հարցաքննությունների և փորձաքննությունների փուլում։

Էլիզբարյանը բացառեց մամուլում շրջանառվող այն վարկածը, որ դեպքը կարող էր տեղի ունենալ անօդաչու թռչող սարքի հարվածից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել