Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել, որում ասվում է․

«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն և վշտակցություն է հայտնում Գեղարքունիքի մարզում տեղակայված՝ ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ընտանիքներին, հարազատներին, ծառայակից ընկերներին, վիրավոր զինծառայողներին մաղթում շուտափույթ ապաքինում:

Նախագահ Սարգսյանը չափազանց կարևորում է ամենասեղմ ժամկետում հայտնաբերելը և խստագույն պատասխանատվության ենթարկելը այդ հանցավոր անտարբերության մեղավորներին և բոլոր այն պատասխանատուներին, որոնք բանակը մատնել են անտերության և տարված են միայն սեփական աթոռը, պետական բարձր պաշտոններն ամեն գնով, այդ թվում՝ հսկայական միջոցներ ծախսելով, պահելու մոլուցքով:

ՀՀ երրորդ նախագահը դեպքն առավել ողբերգական է համարում իշխող վարչակազմի՝ բանակի «աննախադեպ» բարեփոխումների, ծախսերի ավելացման, բանակում պայմանների իբր բարելավման դատարկ ճոռոմաբանությունների համատեքստում»:

Ինչպես արդեն հայտնել ենք, հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել