ԱՆ-ն պնդում է՝ դատավորը նույն հիմքերով իրարամերժ որոշումներ է կայացրել. ըստ դատավորի՝ հիմքերը այլ են

Այսօր՝ հունվարի 19-ին, Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկեց Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Սուղյանի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:

Ըստ նախարարության՝ դատավորը իրարամերժ որոշումներ է կայացրել գրեթե նույն փաստական տվյալների առկայության պայմաններում, մինչդեռ դատավորի պնդմամբ՝ փաստական տվյալները եղել են տարբեր:

Նշվեց, որ գործը վերաբերում է ընտանեկան բռնությանը։

Դատավոր Վարդան Սուղյանը ասաց, որ մեղադրյալը պատշած ծանուցված չի եղել և ինքը դատախազության կողմից նոր է ստացել համապատասխան փաստաթղթերն այն մասին, որ մեղադրյալը ծանուցվել է դատարան ներկայանալու մասին։

«Այս փաստաթղթերն իմ միջնորդության քննության ժամանակ իմ տրամադրության տակ չի եղել։ Ես չգիտեմ, որտեղից է սա հայտնվել, եթե ուներ քննիչը, պետք է տար։ Ո՛չ առաջին միջնորդության ժամանակ, ոչ երկրորդ միջնորդության ժամանակ նման փաստաթղթեր դատարանի տրամադրության տակ չի եղել։ Կան փաստեր, որ մեղադրյալը 4-5 ամիս չի ապրել նշված բնակության հասցեում։ Բազմաթիվ փաստաթղթերից ակնհայտ է եղել, որ վարույթն իրականացնող մարմինն, այսպես ասած՝ գործը ձեռքից բաց է թողել, վերջին գործողությունը հինգ ամիս առաջ է կատարած եղել։ Ինձ համար պարզ է եղել, որ նպատակն անձի կալանավորումն է եղել։ Ես հասկացել եմ, որ թաքնվելու հիմք առկա չի եղել, քանի որ անձը ծանուցված չի եղել։

Ընտանեկան բռնության համատեքստում երևում է, որ այդ մարդն անընդհատ նույն բանի համար դատվել է, բայց միևնույն ժամանակ կինը չի բաժանվում իրենից, ոչ միայն չի բաժանվում, այլ նաև 4 երեխա ունի, փոքրը՝ 2 տարեկան է։ Եվ ես գտել եմ, որ իր այն փաստարկ, որ զոքանչից առանձնան, լավ կլինի և ես հնարավորություն եմ տվել, որ գնան նորմալ ապրեն իրար հետ, ավելի լավ է ազատության մեջ մնա, զբաղվի իր երեխաների խնամքով, առավել ևս, որ վեց ամիս է նման դեպքեր չեն եղել։

Քննիչը մեղադրյալից ո՛չ հացե է վերցրել, ո՛չ հեռախոսահամար, հետո ասում են, որ նա թաքնվում է։ Եթե դու կորցրել ես քո մեղադրյալին, արդյո՞ք դա հիմք է, որ նա  թաքնվում է։

Եթե նույնիսկ համարենք, որ ես թույլ եմ տվել դատավարական իրավունքի նորմի խախտում, ապա պետք է փաստել, որ դատավարության մասնակցի համար այն որևէ բացասական հետևանք չի առաջացրել, առավել ևս, որ վերադաս դատական ատյանի կողմից այդ սխալն արդեն իսկ ուղղվել է՝ անձը կալանավորվել է և գտնվում է քրեակատարողական հիմնարկում»,-ասաց նա։

Լսելով կողմերին՝ Խորհուրդը հայտարարեց գործի քննության ավարտ և հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:

Այն կհրապարակվի հունվարի 23-ին, ժամը՝ 12:05-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել