Զոհված 15 զինծառայողների ծնողներից 6-րդն է արդեն եկել են, հարցնում են՝ ու՞ր է տղաս, ոչինչ չեմ կարողանում պատասխանել։ Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց դասակի հրամանատարը՝ չներկայանալով։
«Բենզին են օգտագործել, բայց մանրամասներին տեղյակ չեմ, թե ինչ հանգամանքներում է դեպքը եղել։ Ընդհանուր 21 հոգի են եղել, 15-ը՝ մահացել են, երեքը՝ վիրավորվել, նրանցից մեկը սպա է, 4-ը գտնվել են դրսում»,-նշեց նա։
Սպան ընդգծեց, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարը չի եկել դեպքի վայր։
«Բանակի «բարդակը» գալիս է բոլորից, ԳՇ պետից, ՊՆ նախարարից, վարչապետից։ Սրանից հետո ինչ ուզում են թող ինձ ասեն կամ անեն, դա ինձ չի հետաքրքրում, որովհետև ծնողներին պատասխան տալ չկարողանալուց վատ բան չկա: Պետք է քննություն տարվի և մեղավորները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»,-նշեց նա։
Նրա խոսքով՝ կան զոհեր և վիրավորներ և նա չի կարող խոսել որևէ վարկածի մասին։
«Դա ձեր վարկածն է, ինչ-որ թյուրիմաց վարկած է, որ ձեզ ասել են։ Եթե ընդունենք այդ վարկածը, ապա կրակը թեժացնելու համար է արվել։ Գյուղում գազ չկա, վառելանյութը ցախն է և քարածուխը։ «Բարդակի» պատասխանատուները բոլորս ենք, դուք, մենք, ես՝ որպես սպա, այն մեկը՝ որպես պայմանագրային սերժանտ։ Երեկ երեկոյան ես այստեղ եղել եմ, բենզին չի եղել, եթե լիներ էլ, չէի թույլատրի, չոր փայտը թղթով էինք վառում»,-նշեց նա։
Ինչպես արդեն հայտնել ենք, հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: