Գործադիրը հավանություն է տվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին:
Նախագծի ընդունումը պայմանավորված է դատախազներին՝ որպես առանձնակի ռիսկային ինքնավար պաշտոն զբաղեցնող և իրենց պաշտոնից բխող նպատակների և խնդիրների իրականացման համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձանց հավելումներ տրամադրելու անհրաժեշտությամբ: Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է դատախազներին վճարել ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի իննսուներկու տոկոսի չափով:
Դատախազների վարձատրությունն ավելացնելու նման մոտեցումն առաջ է քաշվել՝ նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ դատախազների վարձատրության չափի փոփոխության այլ մեխանիզմները, օրինակ՝ վարձատրության չափի գործակիցների փոփոխությունը, համակարգային անհամաչափություն կարող են առաջացնել պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության համակարգում։
Առաջարկվող լուծումը և՛ բխում է դատախազի աշխատանքի առանձնակի ռիսկային բնույթից, և՛ բացառում է համակարգային իրավակարգավորումներում անհամաչափությունները։ Դատախազներին վճարվող հավելումների չափը որոշելիս հիմք է ընդունվել առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված և մասնագիտացում պահանջող պաշտոններ զբաղեցնող անձանց տրամադրվող հավելումների միասնական, չտարբերակված մոտեցում սահմանելու անհրաժեշտությունը: