Որոշ ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կկիրառվի

Կառավարությունն ընդունել է ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու վերաբերյալ որոշում: Ըստ հիմնավորման՝ որոշման ընդունումը պայմանավորված է հանրապետության համար կարևոր նշանակություն ունեցող ապրանքի (անմշակ կաշի) արտահանումը սահմանափակելու, տեղական արտադրությունը պաշտպանելու և հումքային բազայով ապահովման, ինչպես նաև Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ:

ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում երկրորդային հումքը տեղում վերամշակելու և տեղական արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն ընձեռելու զարգացնել սեփական արտադրությունները օգտագործելով անմշակ կաշվե արտադրանքը:

Ներկայումս Հայաստանում կաշվի վերամշակման գործունեություն իրականացնող տեղական արդյունաբերական ընկերություններն ունեն կաշվի հումքի պահանջարկ և հումքային բազայի հնարավորությունները դեռևս ոչ ամբողջական հզորությամբ են օգտագործվում։ Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մինչև կաշվի արգելքի սահմանումը տեղական կաշվի հումքի վերամշակումից ստացված արտադրանքի ծավալը կազմել է մոտ 34 մլն դրամ, իսկ կաշվի հումքի վրա արտահանման արգելքի սահմանումից հետո ընկերությունների կողմից վերամշակվող տեղական կաշվից ստացվող արտադրանքի ծավալն աճել է 5-6 անգամ՝ կազմելով մոտ 206 մլն դրամ:

Կաշվի մշակումը վերամշակող ընկերությունների կողմից ավելացել է ավելի քանի 4 անգամ և որոշման ընդունումը հնարավորություն է տվել ընկերություններին ամբողջությամբ օգտագործել տեղական հումքն՝ առանց լրացուցիչ խմբաքանակ ներմուծելու։ Տեղական հումքի ապահովումը հնարավորություն է տվել ընկերություններին ընդլայնել արտադրական ծավալները և գրեթե ամբողջությամբ իրացնել տեղական հումքը։ Արգելքը կգործի 6 ամսով՝ մինչև 2023 թ. հուլիսի 20-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել