Հրանտ Մ․-ն հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի՝ իրեն աշխատանքից ազատելու մասին հրամանն անվավեր ճանաչելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ բռնագանձելու պահանջների վերաբերյալ։
Iravaban.net-ը «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ գործը մակագրվել է դատավոր Էդուարդ Ամալյանին։
Հայցադիմումի համաձայն՝ Հրանտ Մ․-ի և «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության միջև 2016 թվականի աշխատանքային պայմանագիր է կնքվել, որով հայցվորն աշխատանքի է անցել ՏՏ բաժնի ադմինիստրատորների խմբում՝ գլխավոր մասնագետի պաշտոնում:
2017 թվականին կնքվել է պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող լրացուցիչ համաձայնագիր, որով հայցվորը ստանձնել է ՏՏ բաժնի ադմինիստրատորների խմբի ղեկավարի պաշտոնը՝ ամսական 899,305 դրամ աշխատավարձով:
2021-ի ապրիլին ընկերության ՄՌԿ մասնագետ Հասմիկ Հ․-ն էլեկտրոնային նամակով խնդրել է հայցվորին մինչև 2021-ի մայիսի 3-ի աշխատանքային օրվա ավարտը ներկայացնել բացատրագիր անձնակազմի կառավարման քաղաքականության 14.4 կետը խախտելու վերաբերյալ: Ի պատասխան վերոնշյալի՝ հայցվորը էլեկտրոնային նամակով հայտնել է, որ անձնակազմի կառավարման քաղաքականության 14.4 կետին ծանոթ չի եղել և իր կողմից գաղտնի ոչ մի գործողություն չի իրականացվել:
Մայիսի 3-ից հայցվորի համար արգելափակվել է Windows, Armsoft, MS Outlook և այլ ծրագրերի հասանելիությունը, ինչի պատճառով հայցվորը զրկվել է իր աշխատանքային պարտականությունները կատարելու հնարավորությունից:
Ընկերության տնօրենը հայցվորին հեռացրել է ընկերության ՏՏ բաժնի համակարգերի ադմինիստրատորների խմբի ղեկավարի պաշտոնից և վերջինիս նկատմամբ վստահությունը կորցնելու հիմքով լուծել է աշխատանքային պայմանագիրը:
Հայցվորը՝ դիմելով դատարան, նշել է, որ հրամանում բացակայում են իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ այնպիսի փաստական հանգամանքների մասին նշումները, որոնք ընկերության տնօրենին իրավական հնարավորություն են տվել ազատել աշխատանքից, ուստի իրավական առումով առնվազն չի հիմնավորվում, թե ինչն է հանգեցրել վերջինիս նկատմամբ վստահության կորստին:
Բանկը պատճառաբանել է, որ պահպանել է հայցվորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և աշխատանքային պայմանագրի լուծման ընթացակարգը կայացնելով վավեր անհատակւսն իրավական ակտ, որում նշված են բանկի այն ներքին իրավական ակտերը, որոնք խախտվել են աշխատակցի կողմից, նշված է եղել նաև անհատական ակտի հիմքում ընկած փաստը՝ վստահությունը կորցնելը, որի առկայության մասին են վկայում հայցվորի կողմից բանկի ներքին իրավական ակտերով սահմանված ընթացակարգի խախտմամբ այլ բանկում արգելված ծրագրատեխնիակական միջոցների օգտագործումը։
Դատարանը այս քաղաքացիական գործի փաստերը գնահատելով՝ արձանագրել է, որ վիճարկվող անհատական իրավական ակտում բացակայում են ինչպես իրավական հիմքերը, այնպես էլ համապատասխանաբար փաստական հիմքերը, որպիսի հանգամանքների արձանագրումն արդեն իսկ բավարար է անհատական իրավական ակտը անվավեր ճանաչելու համար, հետևաբար այս դեպքում անհատական ակտի անվավեր ճանաչման անվերապահ հիմքի արձանագրման պարագայում դատարանն այլևս չի անդրադառնում հայցվորի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգը պահպանված լինելու հանգամանքին։
Դատարանը գտնել է նաև, որ Հրանտ Մ․-ի խախտված իրավունքները վերականգնելու պարագայում՝ վերջինս իրավունք ունի աշխատանքից ազատվելու օրվանից՝ 03․05․2021 թվականից մինչև վճիռն օրինական ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար ստանալ հարկադիր պարապուրդի գումարը:
Այսպիսով, դատարանը վճռել է բավարարել հայցվորի պահանջը, անվավեր ճանաչել նրան աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանը։ Բացի այդ, բանկը պետք է վճարի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը։ Անվավեր ճանաչել, «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի ՝ 03․05․2021 թվականի Հրանտ Մ․-ին աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանը։
Վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ։