8 սպա ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Կառավարության նիստի ընթացքում հայտնեց, որ իր հրամանագրերով 8 սպա ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Պաշտոնանկությունները կապված են Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետ։

Զբաղեցված պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալը, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ թիկունքի և ԿՇԾ գծով, թիկունքի պետը, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալը, ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետը, նաև՝ N զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալը, հրամանատարի տեղակալը թիկունքի և ԿՇԾ գծով, ինժեներական ծառայության պետը, ինժեներասակրավորային վաշտի հրամանատարը։

Պապիկյանը հայտնել է նաև, որ կացարանում բռնկված հրդեհը եղել է հրդեհային անվտանգության կանոնների խախտման հետևանք։

Նիկոլ Փաշինյանի հարցին, թե արդյո՞ք այս բոլոր պաշտոնյաները պատասխանատվություն են կրում 2022 թ․-ի դեկտեմբերի 21-ին ԶՈՒ ԳՇ պետը ստորագրել է 14 ԳՇ կարգադրությունը իրականացնելու համար, Սուրեն Պապիկյանը պատասխանեց․ «Իրենց զբաղեցրած պաշտոնները, այո, ինչ-որ կերպ առնչվում են խնդրին և բնականաբար մինչև ավելի մանրամասն քրեաիրավական գնահատական կտրվի խնդրին, իրենց հետագա պաշտոնավարումը նպատակահարմար չէ»։

Նախարարը նշել է, որ ռազմական ոստիկանության հայտնած նախնական տվյալներով՝  հրդեհային անվտանգության կանոնների խախտման հետևանքով տեղի է ունեցել բռնկում, որի ժամանակ օգտագործվել է նաև արգելված միջոց․ «Խոսքը ավտոբենզինի մասին է, որ հնարավոր չի եղել հետագայում մարել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել