ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն իրեն օրենքով վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակում՝ Ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա՝ Ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից իրականացվող ուսումնասիրության և մշտադիտարկման ընթացքում արձանագրվել է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող 100% պետական մասնաբաժնով փակ բաժնետիրական ընկերության գլխավոր հաշվապահ Ա.Ս.-ն Ընկերությանը պատկանող հաշվեհամարներից 2017-2022թթ. ընթացքում, օգտվելով այն հանգամանքից, որ հնարավորություն ունի միանձնյա տնօրինելու Ընկերության բանկային հաշվեհամարները, իր անձնական բանկային հաշվեհամարներին, որպես Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ հարկային պարտավորությունների մարում, փոխանցել է ընդհանուր 254 066 540 ՀՀ դրամ գումար, որից Ծառայության կողմից կատարվածը բացահայտվելուց հետո նշված ընթացքում հետ է վերադարձրել 37,9 մլն ՀՀ դրամը:
Այս մասին տեղեկանում ենք Պետական վերահսկողական ծառայությունից:
Միաժամանակ, ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ Ընկերության գլխավոր հաշվապահ Ա.Ս.-ն խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» ենթակետով սահմանված պահանջները, առանց որևէ գնման ընթացակարգի անցկացման, առանց համապատասխան պայմանագրի կնքման, առանց ծախսը հիմնավորող հաշվարկային փաստաթղթերի առկայության՝ փաստացի չմատուցված ծառայությունների դիմաց Ընկերության բանկային հաշվեհամարից 2022 թվականի սեպտեմբերի 14-ին 3 մլն ՀՀ դրամ ուղղակի փոխանցման եղանակով փոխանցել է ՍՊ ընկերությանը, որպես ձեռք բերված ծառայությունների արժեք: Պարզվել է նաև, որ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ ՍՊ ընկերության հիմնադիր և սեփականատեր է հանդիսանում քաղաքացի Ա.Ս.-ն (նույն ինքը՝ Ընկերության գլխավոր հաշվապահը), 100 տոկոս բաժնեմասի սեփականության իրավունքով:
Վերահսկողական գործառույթների իրացման ընթացքում արձանագրված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկատվությունը և առնչվող նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով: Հայտնում ենք, որ առերևույթ հանցագործության հանգամանքների վերաբերյալ Ծառայության կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում՝ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է վստահված գույքի խոշոր չափերով հափշտակում:
Հարկ է նշել, որ վերահսկվող օբյեկտում Ծառայության կողմից վերահսկողական գործողությունները շարունակվում են, իսկ ուսումնասիրությունը ընդգրկում է՝ 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության մասնակցությունից ծագող և լիազոր մարմնի, ինչպես նաև կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի լիազորություններից բխող վերահսկողությունը։
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումներն՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։