Ադրբեջանը էմոցիոնալ և հոգեբանական բռնության է ենթարկել 19 երեխաների՝ հայ լինելու համար, երեխաներից մեկն ուշաթափվել է․ Հրատապ նամակներ եմ պատրաստում միջազգային իրավասու մարմիններին։
Այս մասին հյատարարություն է տարածել Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ էթնիկ ատելությունը սահմաններ չի ճանաչում․ թիրախավորել են նույնիսկ անչափահաս երեխաներին, ովքեր խաղաղապահների ուղեկցությամբ վերադառնում էին Արցախ՝ ծնողների մոտ, Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհի՝ ավելի քան մեկ ամիս շարունակվող շրջափակման պայմաններում։
Սակայն Շուշի-Քարին տակ հատվածում՝ ճանապարհի շրջափակված մասում, որտեղ տեղակայված են «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները, մեքենան կանգնեցվել է ադրբեջանցիների կողմից։ Քաղաքացիական հագուստով, դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ ներխուժել են երեխաների ավտոբուս, երեխաներին ենթարկել հոգեբանական բռնության։
Ադրբեջանցիների հանցավոր գործողությունները այսքանով չեն սահմանափակվել․ ավտոբուսի ընթացքը շարունակելուց հետո ադրբեջանցիները նաև ցուցադրաբար սպառնալիքներ են հնչեցրել հայ երեխաների հասցեին։
Այս սանձարձակ պահվածքով Ադրբեջանի կառավարության գործակալները խախտել են Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի անկյունաքարային դրույթները, որը պետք է դառնա միջազգային իրավասու մարմինների հրատապ քննության ու Ադրբեջանի նկատմամբ կոնկրետ պատժիչ գործողությունների առարկա։
Ադրբեջանն այս հանցավոր գործողությամբ ևս մեկ քայլ կատարեց էթնիկ հայերի ցեղասպանության քաղաքականության կյանքի կոչման ուղղությամբ։ Քաղաքակիրթ աշխարհի լռության պայմաններում մարդկության դեմ Ադրբեջանի հանցագործությունները կրելու են շարունակական բնույթ»։