Քաղաքաշինության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Նշվում է, որ հաշվի առնելով շինարարական հրապարակների կազմակերպման և կահավորման աշխատանքների կարևոր լինելը, որոնք անմիջականորեն կապված են ՝ թե՛ շինարարական արտադրությունում զբաղված և թե՛ այդ արտադրությունից դուրս գտնվող մարդկային կյանքերի անվտանգության ապահովման և շրջակա միջավայրի պահպանման խնդիրների հետ՝ Կոմիտեն մշակել և քննարկման է ներկայացրել նախագծերի փաթեթը, որոնցով նախատեսվել են կիրառվող պատժամիջոցների խստացման կարգավորումներ։
Նախագծով նախատեսված ու վերանայված պատժամիջոցները հիմնականում վերաբերում են շինարարությամբ զբաղվող կառուցապատողներին, նախագծային և փորձագիտական կազմակերպություններին:
Նախագծի շրջանակներում դիտարկվել են շահագրգիռ մարմինների և հատկապես ՀՀ առողջապահական և աշխատանքի, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինների մասնագիտական կարծիքներն ու ուսումնասիրության արդյունքները: Ըստ ներկայացված դիտողությունների, մի շարք լրացումներ նախատեսվում են առաջիկայում օրենսդրական փաթեթի ընդունումից հետո՝ մի շարք խնդրին փոխկապակցված ենթաօրենսդրական ակտերի շրջանակներում:
Պատժամիջոցների չափը համադրվել է շինարարական հրապարակների պատշաճ կազմակերպման և կահավորման համար մոտավոր ծախսերի հետ, որը իրականում կարող է խթան հանդիսանալ համանման խախտումների և դրանց կրկնությունների բացառման համար:
Օրինակ՝ եթե հասարակական նշանակության (միջին հզորությամբ նախադպրոցական, դպրոցական, առողջապահական և այլն) օբյեկտի կառուցման միջին նախահաշվային արժեքը կազմում է շուրջ 1,000,000 միլիոն դրամ՝ ապա դրանում շինհրապարակի կազմակերպմանը վերաբերող միջոցառումները կարող են կազմել այդ արժեքի շուրջ 1%-1.5%-ը։ Արդյունքում կունենանք՝ 1,000,000 միլիոն դրամx1.0%= 10,000 հազար դրամ։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ տուգանքի նվազագույն և առավելագույն չափերը՝ տարբեր պայմանների համար՝ ըստ ներկայացված օրինագծերի նախատեսվել են 1,000 դրամից մինչև 5,000 դրամ՝ ներկայումս գործող և օբյեկտների նախահաշվային արժեքների հետ ոչ համադրելի 50 դրամից մինչև 400 հազար դրամ տուգանքի չափերի փոխարեն: