Պետական եկամուտների կոմիտեն, շինարարության ոլորտի և հատուկ հսկողություն պահանջող խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրերի շրջանակում, 2022 թ․ 4-րդ եռամսյակի ընթացքում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր:
Այս մասին տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեից:
Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված տնտեսական գործունեության առանձին ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում՝ շինարարության ոլորտում գործունեություն իրականացնող 27 հարկ վճարողների մոտ արձանագրվել է աշխատողի չձևակերպման 27 խախտման դեպք: Իսկ հատուկ հսկողություն պահանջող խոշոր 76 հարկ վճարողների մոտ արձանագրվել է աշխատողի չձևակերպման 30 խախտման դեպք և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 51 դեպք:
Նշենք, որ Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային կարգապահության բարելավման ռազմավարության ու դրանից բխող միջոցառումների արդյունավետ և օպերատիվ իրականացման ապահովումը համակարգվում է Ռիսկերի խորհրդի կողմից: