Արցախի նախադպրոցական հաստատություններում և հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացը այլ կերպ կկազմակերպվի

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակվելու հետևանքով նախադպրոցական հաստատություններում և հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացը ս.թ. հունվարի 16-ից կկազմակերպվի հետևյալ կարգով.

1․Նախադպրոցական հաստատությունների և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով կշարունակվի մնալ կասեցված։

2․Հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի դասագործընթացը կկազմակերպվի ժամը 9:00-ից մինչև 13:00-ն՝ առանց սննդի։

3․Հանրակրթական դպրոցների 1-2-րդ դասարանի աշակերտների դասերը կվերսկսվեն հունվարի 16-ից՝ տարվա ուսումնական պլանով հաստատված ժամկետից մեկ շաբաթ շուտ։
Արձակուրդային շաբաթվա օրերը կվերաբաշխվեն գարնանային և ամառային արձակուրդների վրա։

4․3-12-րդ դասարանների ուսումնական գործընթացը կկազմակերպվի բնականոն հունով։

Այս մասին հայտնում է Արցախի ԿԳՄՍ նախարարությունը։

Նախադպրոցական հաստատությունների և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների դադարեցված դասագործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել